14:00 | 23.07.20 | Հոդվածներ | exclusive 57814

Ֆիքսված կապը Հայաստանում. Անցյալ, ներկա եւ ապագա

Եթե այսօր ինտերնետը դարձել է մեր առօրյայի անբաժանելի մասը եւ հասանելի է ամենուր, ապա շուրջ մեկ տասնամյակ առաջ ինտերնետից օգտվելու համար բոլորս կախում ունեինք լարային հեռախոսից եւ դրան միացած համակարգչից:

Itel.am-ը ներկայացնում է Հայաստանում ֆիքսված կապի զարգացման եւ տարածման պատմությունը:

Հին, բարի ու դանդաղ dial-up-ը

Եթե մտովի վերադառնանք 2006-08թթ., ապա կհիշենք, թե ինչ բարդ էր երգ ներբեռնելը:Մեկ երգի ներբեռնումը կարող էր տեւել մի ամբողջ երեկո, իսկ ֆիլմ ներբեռնելու մասին վախենում էինք անգամ երազել: Չնայած այս դժվարություններին, dial-up տեխնոլոգիան, որը թույլ էր տալիս համակարգչին եւ այլ ցանցային սարքերին կապել ստանդարտ հեռախոսագծերի հեռավոր ցանցերին, իսկապես հեղափոխական էր եւ մեզ ավելի մոտեցրեց ինտերնետին:

Եթե սկզբում ինտերնետը շատ դանդաղ էր, ապա, օրինակ, Beeline Hi-Line կապի ի հայտ գալուն պես արագությունն աճեց՝ հասանելի դարձնելով երգի ներբեռնումը ընդամենը մեկ րոպեի ընթացքում: Սա մի նոր աշխարհ բացեց նաեւ համակարգչային խաղերի սիրահարների համար. նոր արագությունները թույլ էին տալիս առցանց խաղեր խաղալ:  

Ֆիքսված կապը հավերժ է

Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը մտովի վերադառնում է հեռավոր 1996 թ., երբ նոր-նոր էր սկսում կարիերան բջջային կապի արագ զարգացող ոլորտում:

«Դեռ 24 տարի առաջ մենք մի փոքր թերհավատորեն էինք նայում ֆիքսված կապին: Անընդհատ փորձում էինք կանխատեսել, թե քանի ամիս մնաց, որ ֆիքսված կապի օպերատորները «վախճանվեն»՝հինգ, տասներկու, թե՞... Ինձ շրջապատող բոլոր մարդիկ հավատում էին, որ ֆիքսված կապը շուտով պատմություն կդառնա:

Անգամ դրանից տասներկու տարի անց՝ 2008թ., շարունակում էի կանխատեսել ֆիքսված կապի մոտալուտ վախճանը:  Բայց երբ իսկապես մտա ֆիքսված կապի բիզնեսի, ծառայությունների, հաճախորդների էության մեջ, հասկացա մի շատ պարզ բան. Ֆիքսված կապը հիմք է հանդիսանում հեռահաղորդակցության ապագա բոլոր ծառայությունների համար եւ դրա առկայությունը խիստ անհրաժեշտ է եւ հավերժ է: Իսկ նրանք, ովքեր «չեն սիրում ֆիքսված կապը», պարզապես «չգիտեն, թե ինչպես այն գործածել:


Մոբայլ կապը, կապ չունի 2G, 3G, 4G.... 12G (ապագայում), միայն ավելի ընդլայնում եւ լրացնում է ֆիքսված կապը: Այսօր բոլորը խոսում են մոբայլ տեխնոլոգիաների զարգացման մասին, բայց քչերը գիտեն, որ ֆիքսված կապը եւս նույն արագությամբ զարգանում է: Այն նույն «լարերի» միջոցով, որոնցով ժամանակին կարելի էր միայն ձայն փոխանցել (որը հաճախ լավ չէր լսվում), այժմ հնարավոր է 100Մբ/վ արագությամբ ինտերնետ փոխանցել VDSL տեխնոլոգիայի միջոցով, եւ անգամ այսօր սահմաններն անսահման են»,- հիշում է նա:

Ֆիքսված կապը հուսալի է

Ֆիքսված կապը հուսալի է. ենթակառուցվածքներն անցնում են գետնի տակով, եւ մալուխների աշխատանքի խափանումը, ենթադրենք, դրանց վրա ծառ ընկնելու կամ փոթորիկի պատճառով, բացառվում է:


Ֆիքսված կապը Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն: Բացի անհատ բաժանորդներից, ցանցից օգտվում են տարբեր պետական գերատեսչություններ:

Անդրեյ Պյատախինը նշում է, որ հուսալիության առումով ֆիքսված կապը 5:0 հաշվով հաղթում է մոբայլ կապին: Beeline-ի ֆիքսված կապի ծառայություններից երկար տարիներ օգտվում են պետական տարբեր մարմիններ: Ընկերության բոլոր կորպորատիվ հաճախորդները, այդ թվում՝ Կառավարությունը, բանկերը եւ այլն, ունեն ոչ թե մեկ, այլ երբեմն երեք ֆիքսված կապուղիներ, քանի որ այդպես ավելի ապահով է:

Նոր արագություններ եւ որակ

Ֆիքսված կապը կախում չունի էլեկտրականությունից: Տան հեռախոսը կարող է աշխատել անկախ այն բանից՝ տվյալ պահին հոսանք կա թե ոչ, ինչը արտակարգ իրավիճակներում, օրինակ շտապօգնություն զանգելու համար շատ կարեւոր գործոն է եւ թույլ է տալիս միշտ կապի մեջ մնալ:

Ֆիքսված կապի հիման վրա, օպերատորները, այդ թվում նաեւ Beeline-ը,  բաժանորդներին տրամադրում են թվային հեռուստատեսություն եւ ինտերնետ կապ, որը հասանելի է Հայաստանի ողջ տարածքում:

Այն հնարավոր դարձրեց ինտերնետը տարածել ոչ միայն Երեւանում, այլեւ հեռավոր շրջաններում: Այն թույլ տվեց դեռ dial-up-ի ժամանակներից սկսած, Հայաստանի լարային հեռախոս ունեցող բոլոր բնակիչներին, տրամադրել ինտերնետ: Ապա տեխնոլոգիաները կատարելագործվեցին եւ Beeline-ն առաջինը Հայաստանում եւ երրորդն աշխարհում՝ Ֆինլանդիայից եւ Նորվեգիայից հետո,  2016 թվականին գործարկեց ֆիքսված LTE-450 (Long-Term Evolution) ցանցը՝ հեռավոր այն գյուղերի եւ բնակավայրերի համար, որտեղ «կաբելները» չեն հասնում, մարդիկ ունենան ինտերնետի հասանելիությունը:


2009թ.-ից սկսած Beeline-ը հեղափոխություն կատարեց Հայաստանի ինտերնետի շուկայում՝ առաջարկելով ինտերնետ ADSL տեխնոլոգիայով: Այն ժամանակ անիրական թվացող 1 Մբ/վ արագությամբ ինտերնետը դարձավ իրականություն, հարյուր հազարավոր ընտանիքներ հասանելիություն ստացան ինտերնետին, եւ վերջնական մոռացվեց dial-up հասկացողությունը: 2019թ. ընկերությունը, արդիականացնելով ֆիքսված ցանցը, հաճախորդներին տրամադրեց հասանելիություն VDSL ինտերնետին՝ բարելավելով քաղաքային հեռախոսակապի որակը: Այն այսօր հասանելի է Երեանում եւ վեց այլ քաղաքներում:

Այս տեխնոլոգիային նոր շունչ հաղորդելը կատարվել է միլիոնավոր դոլարի ներդրման արդյունքում: Այն ապահովում է մինչեւ 100Մբ/վ արագություն, որը հնարավորություն է տալիս, օրինակ 4K որակի տեսանյութ դիտել առանց որեւէ խոչընդոտի, միաժամանակ ֆիլմ դիտել ու առցանց խաղ խաղալ:

***

Այսօր COVID-19-ի համատեքստում ֆիքսված կապի դերն ավելի է կարեւորվել`հաշվի առնելով հուսալիության գործոնը:

Անդրեյ Պյատախինը առաջարկում է նորից վերհիշել հին ու բարի լարային հեռախոսը, որը կարող է աշխատել անգամ այն ժամանակ, երբ տանը լույս չկա, եւ ֆիքսված ինտերնետը, որը կարելի է օգտագործել ուսուցման, աշխատանքի, հարազատների հետ շփման կամ սիրելի սերիալը դիտելու համար:

«Իհարկե, այս ամենը կարելի է անել նաեւ մոբայլ ցանցի միջոցով, սակայն ֆիքսված կապի միջոցով ավելի հուսալի է: Մի օրինակ բերեմ՝ իհարկե, միշտ հաճելի է գնալ նոր ռեստորան եւ փորձել համեղ ուտեստներ: Բայց, միաժամանակ, որքան հաճելի է հիշել, որ տանը ունես լավ սառնարան, որտեղ կա ամեն ինչ՝ անկախ դրսում առկա եղանակից, ու կարող ես պատրաստել հին, բարի ու համեղ ուտեստներ, որոնք սիրում են ինչպես ինտերնետին սիրահարված երիտասարդները, այնպես էլ հին ֆոտոալբոմները թերթել սիրող տատիկն ու պապիկը»:

Նարինե Դանեղյան