10:46 | 08.07.20 | Նորություններ | 1900

Լատվիայի նախագահ. Հետաքրքրված ենք Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերով

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի նախագահ Էգիլս Լեւիթսի հետ:

Նախագահները տեղեկություններ են փոխանակել կորոնավիրուսի համավարակի հետ կապված երկու երկրներում տիրող իրավիճակի, վարակի կանխարգելման եւ հաղթահարման ուղղությամբ իրենց երկրների փորձառությունների մասին:

Խոսելով հայ-լատվիական փոխգործակցության հեռանկարների մասին՝ նախագահներն ընդգծել են, որ երկու երկրները համագործակցության լուրջ ներուժ ունեն ինչպես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների, հեռահաղորդակցության, այնպես էլ՝ գիտության, կրթության, մշակույթի ոլորտներում:

Լատվիայի նախագահն ընդգծել է լատվիական կողմի հետաքրքրությունը Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի, մասնավորապես՝ ATOM (Advanced tomorrow) նախագահական նախաձեռնության նկատմամբ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ սննդի անվտանգության «միջանցքի» եւ դրան Լատվիայի հնարավոր մասնակցության մասին:

Հայաստանի նախագահը հրավիրել է Լատվիայի նախագահին՝ հարմար ժամանակ այցելել Հայաստան, ինչը սիրով ընդունվել է նրա կողմից: