Ստեփան Մարգարյանը
Ստեփան Մարգարյանը եւ լրագրող Նարինե Դանեղյանը
14:53 | 05.06.20 | Հոդվածներ | exclusive 56923
Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը (ԿԶՆ կենտրոն) ՀՀ Կառավարության եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համատեղ նախաձեռնությունն է, որին աջակցություն է ցուցաբերում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (ՄԱԶԾ):
Կենտրոնն իրականացնում է վարքաբանական փորձեր եւ կիրառում է տվյալագիտություն ու մի շարք այլ նորարարական մոտեցումներ` Հայաստանում փաստերի վրա հիմնված քաղաքականությունը խթանելու համար: ԿԶՆ կենտրոնը հանդիսանում է Կառավարության գիտահետազոտական հանգույցը։
Itel.am-ը զրուցել է Հայաստանի ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի ղեկավար Ստեփան Մարգարյանի հետ:
Կենտրոնի մասին
Կենտրոնը հանրային կառավարման նորարարության ոլորտում իր տեսակով առաջինն է եւ ՄԱԶԾ աջակցությամբ նպատակ ունի նպաստել Հայաստանում Կայուն զարգացման նպատակների իրականացման գործընթացի արագացմանը:
Կենտրոնն ունի կառավարման խորհուրդ, որը համանախագահում են ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը:
Ստեփան Մարգարյանի խոսքով, կենտրոնը զբաղվում է նորարար քաղաքականության մշակմամբ, նախագծերի պիլոտավորմամբ եւ ձեռքբերված արդյունքի հիման վրա կառավարությանը հստակ խորհուրդներ է տալիս: Այդ նպատակով օգտագործվում է հետեւյալ գործիքակազմը՝ տվյալագիտություն, վարքաբանական փորձարկումներ եւ design thinking:
Ստեփան Մարգարյանը եւ լրագրող Նարինե Դանեղյանը
«Եթե սկզբում աջակցություն էինք ստանում միայն ՄԱԿ-ի Զարգացման ծրագրից, ապա հիմա համագործակցում ենք նաեւ Ռուսաստանի Դաշնության, Անգլիայի, Շվեդիայի կառավարությունների հետ: Նաեւ ունենք համաձայնություն, ըստ որի մասնավոր ոլորտից մեկ ընկերություն իր սոցիալական պատասխանատվության ծրագրի շրջանակում մեզ ֆինանսավորում տրամադրի»,- նշում է Ստեփան Մարգարյանը:
Վարքաբանական փորձարկումների մասին
Ստեփան Մարգարյանը կենտրոնի կողմից իրականացված վարքաբանական փորձարկումների օրինակներ է ներկայացնում:
«Հայաստանում շատ վատ է վիճակը՝ կապված քաղցկեղի հետ: Ամենավատ ցուցանիշներն արձանագրել ենք Շիրակի մարզում՝ արգանդի քաղցկեղի մասով: Համաշխարհային բանկը հնարավորություն էր տալիս թիրախային տարիքի կանանց հանձնել անվճար թեստ, սակայն երեք տարում Շիրակի մարզի թիրախային խմբի մոտ տասնյոթ տոկոսն էր մասնակցել ծրագրին:
Վենետիկի, Պադովայի ու Ժոնգնանի տնտեսագիտության եւ իրավունքի համալսարանների վարքաբանների հետ համատեղ որոշեցինք իրականացնել վարքաբանական միջամտություն: Փորձի իմաստը հետեւյալն էր. գլխավոր բժշկի ստորագրությամբ ստեղծվում են անձնավորված նամակներ ու հիշեցումներ եւ ուղարկվում ծրագրի շահառուներին, որոնք 30-60 տարիքային խմբում ընդգրկված կանայք են։
Փորձարկվել են տարբեր բովանդակությամբ նամակներ՝ չեզոք, որն ուղղակի հրավիրում է կանխարգելիչ բուժզննման, բացասական, որը հրավիրում է կանխարգելիչ բուժզննման ու արտացոլում այն չանցնելու բացասական հետեւանքները ու ալտրուիստական, որը հորդորում է շահառուին հետազոտվել ոչ միայն իր, այլ նաեւ հանուն իր հարազատների։ Պարզվեց, որ նամակի պարունակությունն այնքան կարեւոր չէ: Վարքի փոփոխության վրա շատ լավ են ազդում նամակներն ու հետագա հիշեցումները՝ մոտ 460% աճ, ի համեմատություն նամակ չստացած վերահսկվող խմբի։ Միայն նամակ ստացողների մոտ գրանցվել է 350% այցելությունների աճ` նամակ չստացած շահառուների համեմատ: Ավելին, փորձարկման ժամանակ Շիրակի մարզում գրանցվել է մասնակցության ամենաբարձր ցուցանիշը ամբողջ Հայաստանում, որը նաեւ սքրինինգային ծրագրի անցկացման ժամանակահատվածում ամենաբարձր ցուցանիշն է»,- պատմում է Ստեփան Մարգարյանը:
Նրա խոսքով, նախատեսում են Առողջապահության նախարարության հետ համատեղ նման նախագիծ իրականացնել ամբողջ երկրում: Բացի դա, եւս մեկ վարքաբանական փորձարկում, այս անգամ կրծքագեղձի քաղցկեղի հետ կապված, կիրականացնեն մեկ այլ մարզում:
Travelinsights հարթակի մասին
Travelinsights գործիքը, որի շնորհանդեսը տեղի ունեցավ մարտի 18-ին, արհեստական բանականության հիմքով աշխատող առցանց գործիք է, որը թույլ է տալիս ամբողջական պատկերացում կազմել Հայաստանում զբոսաշրջային վայրերի մասին` առցանց հարթակներում զբոսաշրջիկների թողած մեկնաբանությունների հիման վրա:
Այն թույլ է տալիս բացահայտել Հայաստանում բոլոր մարզերի զբոսաշրջային վայրերում առկա խնդիրներն ու կառուցել թիրախավորված մարքեթինգային արշավ` ըստ զբոսաշրջիկների նախընտրությունների:
Ստեփան Մարգարյանի խոսքով, գործիքը թույլ է տալիս բացահայտել, թե ինչ պատկերացում ունեն զբոսաշրջիկները Հայաստանի մասին, հասկանալ թե ինչից են գոհ կամ դժգոհ զբոսաշրջիկները Հայաստան այցելության ժամանակ։
Գործիքը կառավարությանը կօգնի տուրիզմի ոլորտում մշակել փաստերի վրա հիմնված քաղաքականություն, մշակել ռազմավարություն զբոսաշրջիկների առցանց մեկնաբանությունների՝ գոհունակության եւ դժգոհության հիման վրա, մշակել ծառայություններ, որոնք մեծապես գնահատվում են Հայաստան այցելած զբոսաշրջիկների կողմից, նվազեցնել այն խնդիրները, որոնք խանգարում են զբոսաշրջիկներին ունենալ անթերի փորձառություն, մշակել արդյունավետ մարքեթինգային քաղաքականություն։
Բիզնեսները ավելի տեղեկացված կլինեն ու կկարողանան բարելավել իրենց մատուցած ծառայությունները եւ շրջակա միջավայրը, որպեսզի կարողանան դրանք համապատասխանացնել զբոսաշրջիկների կարիքներին ու ակնկալիքներին։
Իրենց հերթին, զբոսաշրջիկները կկարողանան գտնել Հայաստանի տուրիստական վայրերի մասին խմբավորված ու վերլուծված տեղեկություն։ Ճշգրտությունը բարձրացնելու եւ ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար Կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնը եւ ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն զբոսաշրջիկներին կխրախուսեն ավելի շատ առցանց գրառումներ կատարել իրենց փորձառության վերաբերյալ։
AI for Mulberry
Mulberry-ն ՀՀ Կառավարության փաստաթղթաշրջանառության հարթակն է, որը ոչ միայն ներքին շրջանառության, այլեւ արտաքին աշխարհի հետ կապի համար է:
Ստեփան Մարգարյանը նշում է, որ Կառավարության հետ ապաանձնավորված տվյալների մասին համաձայնագիր են կնքել:
«Ստանում ենք դիմումներն ու նամակները, դրանց հիմա վրա ԱԲ-ին սովորեցնում ենք հայերեն լեզուն, եւ հսկայական տվյալներ՝ նամակների տեսքով: Ստացված արդյունքը կկիրառենք հենց կառավարությունում: Օրինակ, նամակը ստացվեց, ԱԲ-ն այն կարդաց, ավտոմատ ուղարկեց համապատասխան կառույց, որպեսզի հասնի ճիշտ հասցեատիրոջը: Նաեւ տիպային պատասխաններ ենք մշակում: Համակարգը մեկ տարվա ընթացքում պիլոտավորելու ենք»,- նշում է նա:
Ստեփան Մարգարյանը հավելում է, որ երբ համակարգը սկսի հայերեն հասկանալ, այն կարող է ինտեգրվել ոչ միայն Mulberry-ի հետ, այլեւ կիրառվել շատ այլ ոլորտներում:
Կրթությունից աշխատանք ծրագիր
Ծրագիրը կապ ունի փոխվարչապետի գրասենյակի նախաձեռնած «Աշխատիր, Հայաստան» նախաձեռնության հետ: Նպատակն է միմյանց կապել առաջարկը եւ պահանջարկը՝ Տվյալների վերլուծության եւ վարքաբանության միջոցով:
«Այս պահի դրությամբ վերցրել ենք առցանց աշխատանքի հայտարարությունները` վերջին մի քանի տարվա կտրվածքով: Վերլուծել եւ հասկացել ենք, թե որոնք են եղել Հայաստանում պահանջված մասնագիտությունները եւ հմտությունները: Ստացված տվյալների հիման վրա միջազգային գործընկերների հետ միասին ցանկանում ենք կանխատեսել, թե Հայաստանում որոնք կլինեն այն մասնագիտությունները կամ հմտությունները, որոնք հինգ տարի անց պահանջված կլինեն: Սա թույլ կտա երիտասարդներին կողմնորոշել, թե որոնք են ապագայի մասնագիտությունները եւ ճիշտ ընտրություն կատարել»,- նշում է Ստեփան Մարգարյանը:
COVID-19-ի ընթացքում գործունեության մասին
Համավարակի շրջանում կենտրոնի թիմն ակտիվորեն աշխատել է՝ համախմբելով հանրության լայն շերտերի՝ մարքեթինգի մասնագետներ, սոցիոլոգներ, վարքաբաններ: Թիմի կողմից մշակվել են պարետի կողմից քաղաքացիներին ուղարկվող SMS հաղորդագրությունները:
«Նաեւ ՄԱԿ-ի ու փոխվարչապետի գրասենյակի հետ համատեղ նկարահանել ենք սոցիալական գովազդներ, որոնք վարքաբանական մեսիջ են պարունակում: 4 գովազդ է նկարահանվել, որտեղ կորոնավիրուսով հիվանդացած եւ առողջացած մարդիկ են խոսում: Եվս 3 գովազդ ցույց են տալիս, թե որքան հեշտ է տարածվում կորոնավիրուսը, եթե մարդիկ չեն հետեւում պարետատան ցուցումներին: Նպատակն է բացատրել, թե ինչպես կարող ենք կանխել տարածումը»,- պատմում է Ստեփան Մարգարյանը:
Առաջիկա ծրագրերի մասին
Ստեփան Մարգարյանը նշում է, որ առաջիկայում ծրագրում են խոշոր ծրագիր սկսել գյուղատնտեսության ոլորտում, որտեղ կկիրառվեն բոլոր հնարավոր էլեկտրոնային եւ տեխնոլոգիական գործիքները ՝ նկարահանումներ դրոնից եւ արբանյակից, ծրագրային ապահովման միջոցով հողի տակ առկա հիվանդությունների հայտնաբերում, բերքի կանխատեսման հնարավորություն եւ այլն:
«Սա թույլ կտա ռեալ ժամանակում ունենալ բերքի արդյունավետության մասին տեղեկատվություն: Ծրագիրը կպիլոտավորենք մեկ մարզում, կհասկանանք ռեալ ազդեցությունը, եւ դրական արդյունքի դեպքում կիրագործենք ողջ երկրում»,- նշում է նա:
Նարինե Դանեղյան