12:41 | 04.06.20 | Հոդվածներ | exclusive 52916
ServiceTitan ընկերությունը դեռեւս մարտի 11-ին մեկնարկեց «Expand The Extraordinary» արշավը, որն ունի երեք հիմնական նպատակ՝ տարբեր երկրներում ապրող ՏՏ ոլորտի մասնագետներին ներկայացնել Հայաստանում աշխատելու նոր հնարավորություններն ու աջակցել հայրենիք տեղափոխվելու կամ վերադառնալու հարցում, ապահովել մասնագիտական աճ Հայաստանում, ինչպես նաեւ օգտագործել թիմի մասնագիտական հմտությունները՝ կրթական ծրագրեր իրականացնելու եւ նոր մասնագետներ պատրաստելու համար։
Արշավի մեկնարկը կոնկրետ քայլեր էր ենթադրում։
Առաջին քայլը ընկերության թիմին այս տարվա մարտին տարավ Բեռլին, որտեղ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնագետների հետ հանդիպում-միջոցառում կազմակերպվեց։ Միջոցառման ընթացքում թիմի անդամները պատմեցին, թե ինչպես է ServiceTitan-ը երկու ծրագրավորող հիմնադիրներից վերածվել 1000 աշխատակից ունեցող Unicorn ընկերության՝ դժվարություններ, ծիծաղելի պատմություններ, անկանխատեսելի իրավիճաներ, իսկ արդյունքում ստեղծվել է ծրագրային լուծում, որը հիմա ԱՄՆ-ում օգտագործում են հազարավոր ընկերություններ։
«Բեռլինում ներկայացվեցին նաեւ Հայաստանում առկա փոփոխությունները, ՏՏ ոլորտի առաջընթացն ու կյանքի որակի բարելավումը։ Ինչու՞, որովհետեւ Եվրոպայում ապրող շատ հայեր, ովքեր վաղուց չեն եղել հայրենիքում ունեն տարբեր հարցեր ու կոնկրետ պատկերացումներ, որոնք կամ պետք է հաստատել կամ փոխարինել նորերով»,- նշել են ընկերությունում:
Հանդիպումից հետո ServiceTitan-ը ստացել է դիմումներ եւ արդեն կան մասնագետներ, որոնք որոշ ժամանակ անց կմիանան ընկերությանն ու կտեղափոխվեն Հայաստան։ Որո՞նք են ոլորտի մասնագետների՝ Հայաստանից գնալու հիմնական պատճառները։ Ընկերությունում նշում են, որ դրանք տարբեր են՝ մասնագիտական աճի ձգտում, որը, նրանց խոսքով, Հայաստանում ինչ-որ պահից սկսած դժվար է գտնել, քաղաքակիրթ կյանք, շատ երիտասարդների համար միայնակ ապրելու, հաճախ ճամփորդելու լավ հնարավորություն, տարբեր ազգերի ներկայացուցիչներ ունեցող ընկերություններում նոր փորձ ձեռք բերելու ցանկություն եւ այդպես շարունակ։
ServiceTitan-ում նշում են, որ կան պայմաններ, որոնք հնարավոր է ստեղծել ու պահպանել, որպեսզի լավ մասնագետները վերադառնան Հայաստան, իսկ նրանք, որոնք պատրաստվում էին գնալ երկրից՝ մնան ու շարունակեն իրենց մասնագիտական ուղին Հայաստանում: ServiceTitan-ի արշավը հենց այս նպատակին է միտված:
Ընկերության թիմը Բեռլինից հետո պատրաստվում էր լինել եվրոպական այլ երկրներում, բայց համավարակի պատճառով ճամփորդելը դարձավ անհնար։ Արդյունքում, գտնվեց նոր լուծում՝ տեղեկատվական արշավը շարունակելու համար։
Մայիսի 14-ին կազմակերպվեց Zoom միջոցառում, որին մասնակցում էին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում աշխատող մասնագետներ՝ տարբեր երկրներից ու քաղաքներից։ Առցանց միջոցառման ժամանակ վերջիններս տեղեկացան ընկերության ու պրոդուկտի մասին, ծանոթացան տեսլականին ու նոր շուկաներին, որտեղ ընկերությունը պատրաստվում է մուտք գործել, ավելի լավ պատկերացում կազմեցին, թե ինչ է սպասվում իրենց այն պահից սկսած, երբ որոշեն վերադառնալ Հայաստան ու իրենց մասնագիտական աճը շարունակել հայրենիքում։
ServiceTitan-ի միջազգային գործառնությունների եւ ռազմավարության գլխավոր պատասխանատու Վաչ Հովսեփյանը նշում է. «Մեր հաջող փորձի հիման վրա ավելի լուրջ ծրագրեր ունենք Հայաստանի հետ կապված, ինչի համար էլ ցանկանում ենք ներդրում ունենալ նոր մասնագետներ Հայաստան բերելու, ինչպես նաեւ հենց Հայաստանում նոր մասնագետներ պատրաստելու հարցում»։
Ընկերության ներկայացուցիչները հնարավորինս մանրամասն ներկայացրին պատկերը՝ աշխատանքային պայմաններ, ինքնազարգացման ծրագրեր, գործողումներ, կապ ԱՄՆ թիմի հետ, փորձի փոխանակման հնարավորություն, աջակցություն բոլոր այն մասնագետներին, որոնք կվերադառնան Հայաստան։
Առցանց միջոցառումից հետո հարցերը շատ էին։ Մասնակիցներին հետաքրքիր էին այն տեխնոլոգիաները, որոնք օգտագործում են ընկերությունում, թիմերի կառուցվածքը, հարցազրույցի փուլերը, աշխատանքային միջավայրը, ազատությունը եւ առհասարակ աշխատանքի ընտրության հնարավորությունը Հայաստանում։
Նարինե Դանեղյան