12:32 | 25.05.20 | Հոդվածներ | exclusive 43196
Մայիսի 22-ին կայացել է «Մերօրյա աննախադեպ մարտահրավերները» թեմայով քննարկում՝ ՏՏ ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:
Քննարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը, «Յունիքոմփ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը:
Վեբինարի կազմակերպիչը Futures Studio նախագծի թիմն է: Futures Studio քննարկումների հարթակում պարբերաբար կայանում են Հայաստանի եւ հայության ապագայի ծավալուն թեմային նվիրված պանելային քննարկումներ, կլոր սեղաններ, հրավիրված փորձագետների բանախոսություններ եւ այլն:
Itel.am-ը ներկայացնում է վեբինարի մասնակիցների հնչեցրած հետաքրքիր մտքերը:
Ռալֆ Յիրիկյան
Համավարակը մեզ հնարավորություն տվեց նոր փորձ ձեռք բերել, հատկապես՝ հեռավար ռեժիմով աշխատանքի առումով: Փոփոխության ենթարկվեց մտածելակերպը:
Ստեղծված իրավիճակը հնարավորություն է, որ ուրիշ ձեւով նայենք կյանքին՝ ինչպես անձնական, այնպես էլ աշխատանքային:
Կան ընկերություններ, որ նախապես պատրաստվում էին հեռավար աշխատանքի ռեժիմին: Վիվա-ՄՏՍ-ն այդ ընկերություններից մեկն է, բայց մենք չէինք պատկերացնում, որ իրավիճակը նմանատիպ կլիներ: Հնարավորություն կա, որ դասեր քաղենք, եւ ինչու ոչ՝ գործընթացներն ավելի բարելավենք ու արդյունավետ դարձնենք:
Ստեղծված իրավիճակը սկսում է ազդել մտածելակերպի եւ աշխատաոճի վրա՝ ընկերությունները գիտակցում են, որ եկել է ժամանակը, որ ավելի արդյունավետ գործեն:
Նրանք կարող են, օրինակ, վիրտուալ դեսքթոփ ենթակառուցվածքներ կամ հարթակներ կիրառել, որպեսզի աշխատակիցները ստիպված չլինեն աշխատասենյակում մեկ համակարգչից կախում ունենալ, փոխարենը՝ կկարողանան անձնական սարքերով միանալ վիրտուալ ենթակառուցվածքներին եւ աշխատել ցանկացած տեղից:
Այսպիսով, այլեւս կարիք չկա գնալ ֆիզիկական գրասենյակ. կարող ես աշխատել քո սիրելի վայրից՝ հեռավար:
Համավարակը թույլ տվեց, որ տեխնոլոգիան ավելի լավ աշխատի եւ ապացուցի իր կարողությունները: Նախկինում գրասենյակում նստած, բոլորս միասին աշխատում էինք՝ կիրառելով ինչ-որ մոնիթորինգային գործիքներ: Այսօր դրա կարիքը չկա, ամեն ինչ հեռավար է, եւ այստեղ կարեւոր է մարդկանց միջեւ փոխադարձ վստահությունը:
Մենք արդեն պատրաստել էինք մեր բաժանորդներին, որ կարողանան օգտվել հեռավար լուծումներից, օգտագործելով որոշ հարթակներ, որոնց մուտքը վերջին շրջանում դարձրեցինք անսահմանափակ՝ մեսենջերներ, սոցիալական հարթակներ: Սա մարդկանց հնարավորություն կտա թվային հարթակում ներկայություն ունենալ եւ աշխատել՝ առանց ֆիզիկապես լինելու գրասենյակում:
Ընկերությունների մտածելակերպը պետք է ավելի ճկուն դառնա: Մենք պետք է դառնանք ավել արդյունավետ, աշխատենք խմբերով, բոլորս միասին, բայց բոլորս առանձին:
Ամենաթանկարժեք կապիտալը մեր ընկերության համար աշխատակիցներն են: Համավարակի ընթացքում ոչ մի աշխատողի աշխատանքից չենք հեռացրել, ավելին՝ նոր աշխատակիցների ենք ներգրավել: Աշխատավարձը չի կրճատվել, չնայած նրան, որ մեծ մասն աշխատում էր տանից, մի մասն էլ ուղղակի գտնվում էր տանը: Սա վստահության եւ փոխադարձ հարգանքի մասին է վկայում:
Հովիկ Մուսայելյան
Շատ տեսաբանների կարծիքով, երկրորդ համաշխարհային պատերազմից հետո սա առաջին գլոբալ ճգնաժամային իրավիճակն է: Կոլապսի է ենթարկվել համաշխարհային ողջ տնտեսությունը:
Մի բան ակնհայտ է, որ համավարակի փուլի ավարտից հետո պետք է սովորենք ապրել նոր իրավիճակում: Մարդիկ աստիճանաբար հասկանում են, որ սա համավարակ է, որի դեմ պետք է գլոբալ պայքար տանել եւ սովորել ապրել այս իրավիճակում:
Կրթության փոխակերպումն այս իրավիճակում շատ կարեւոր է, քանի որ այն դոմինանտ է տնտեսության տեմպերն արագացնելու, տնտեսական ցուցանիշներ ապահովելու հարցում:
«Սինոփսիս Արմենիա»-ն վերջին երկու ամիսների ընթացքում նոր աշխատակիցների է ներգրավել, աշխատավարձերը շարունակվում են նույն ձեւով ստացվել, եւ այս գործընթացը կշարունակվի համավարակի առկայության ողջ ընթացքում:
Ընկերությունները պետք է չմտածեն ներկայում աշխատակիցներին կրճատելու մասին: Դա ճիշտ ճանապարհ չէ: Պետք է ընդլայնել ռեսուրսները՝ աշխատանքի արդյունավետությունը բարձրացնելու համար:
Արմեն Բալդրյան
Դժվար պրոցես է, որի միջով բոլորս ենք անցնում: Մյուս կողմից, հատկապես Հայաստանում, հնարավորությունների բացահայտման շրջան է:
Մենք շուրջ 15-20 տարի է, խոսում ենք, Հայաստանի տնտեսության տեխնոլոգիական բարեփոխումների մասին: Ինչ-որ քայլեր արվում էին, բայց, օրինակ, ինձ այդ քայլերի արագությունը այլեւս չէր բավարարում: Այսօր լավ պահ է՝ այդ քայլերի արագությունը ավելացնելու համար: Վերջին երկու ամիսները ապացուցեցին, որ այն ընկերությունները, որոնք արդեն կիրառում էին տեխնոլոգիաներ, բավական արագ համակերպվեցին ստեղծված իրավիճակին, եւ ավելի քիչ կորուստներով դուրս կգան ճգնաժամից:
Այստեղ կարեւոր մեսիջ կա՝ ընկերությունների եւ պետության համար: Այն է` տնտեսության թվայնացմանը եւ տեխնոլոգիական փոփոխություններին այլընտրանք չկա:
Մյուս կողմից՝ Հայաստանի համար շատ լավ հնարավորություն է, քանի որ համաշխարհային շուկայում նոր ազատ անկյուններ են բացվելու՝ տեխնոլոգիական լուծումների առումով: Կարեւոր է, որ մեր ընկերություններն օր առաջ ներգրավվեն այդ մրցավազքում եւ գտնեն իրենց տեղը համաշխարհային շուկայում, ինչը բարդ եւ բավական երկարատեւ գործընթաց է:
Նարինե Դանեղյան