15:44 | 05.05.20 | Հոդվածներ | exclusive 149591
Հայաստանում հիմնադրված Flight Hunter ստարտափը պատրաստվում է օգնել այն հայրենակիցներին, որոնք ցանկանում են առաջիկայում օդային ճանապարհով Երեւան վերադառնալ՝ աշխարհի տարբեր կետերից:
Ընկերության համահիմնադիր Վահագ Ռափյանը Itel.am-ի հետ զրույցում նշում է, որ հարթակն ընդունում է պատվերներ՝ աշխարհի տարբեր կետերից դեպի Երեւան չարտերային թռիչքներ կազմակերպելու համար։
Նրա խոսքով, Flight Hunter-ը հիմնադրվել է շուրջ երկու տարի առաջ եւ այս ընթացքում փորձել է ստեղծել հարթակ, որը հաճախորդներին հնարավորություն կտար աննախադեպ էժան գնով ձեռք բերել տոմսեր՝ թռիչքներից րոպեներ առաջ։
«Հաշվի առնելով այն, որ ավիաընկերությունները դադարեցրել են կանոնավոր չվերթները, որոշ փոքր ավիաընկերություններ արդեն իսկ սնանկացել են, իսկ աշխարհում գտնվում են միլիոնավոր մարդիկ, որոնք մի կետից մյուս կետ տեղափոխվելու կարիք ունեն, մեր ընկերությունը որոշեց փոփոխություն մտցնել բիզնես մոդելի մեջ։ Այժմ մարդիկ կարող են հարթակի միջոցով հայտ ուղարկել՝ առաջարկելով որեւէ ուղղությամբ թռիչքներ կազմակերպել»,- նշում է Վահագ Ռափյանը:
Առաջիկայում կգործարկվի Flight Hunter-ի թարմացված հավելվածը՝ App Store-ում եւ Google Play-ում։ Թռիչքային ուղղությունների պատվերներն ընդունվում են այստեղ:
Ընկերությունը կհավաքի ստացած հայտերը, եւ երբ որեւէ ուղղությամբ բավարար քանակությամբ պատվերներ գրանցվեն, կիրականացվի չարտերային թռիչք։ Վահագ Ռափյանի խոսքով, այն մարդկանց, որոնց նշած ուղղությունները բավարար պատվերներ չեն ստանա, կառաջարկվեն նմանօրինակ թռիչքների տարբերակներ։
Flight Hunter-ի համահիմնադիր Տիգրան Պետրոսյանն էլ հավելում է, որ զուգահեռ բանակցություններ են վարում աշխարհի տարբեր ավիաընկերությունների եւ օդանավակայանների հետ։
«Ներկա պահին մեծ քանակությամբ զանգեր եւ նամակներ ենք ստանում։ Ամենայն հավանականությամբ, առաջին թռիչքը կլինի Մոսկվայից դեպի Երեւան»,- նշում է նա:
Ստարտափի հիմնադիրները համոզված են, որ ցանկացած ճգնաժամ նոր հնարավորությունների սկիզբ է, քանի որ 2008թ. աշխարհը ցնցած տնտեսական ճգնաժամի հետեւանք եղան ներկայումս հայտնի այնպիսի խոշոր ընկերություններ, ինչպիսիք են՝ AirBnb-ն, Uber-ը, եւ այլն։
«Հուսով ենք հայկական Flight Hunter-ը հեղափոխական դեր կխաղա ավիաթռիչքների իրականացման պատմության մեջ»,- ընդգծում է Վահագ Ռափյանը:
Նարինե Դանեղյան