12:30 | 03.06.20 | Նորություններ | 2458

Մինչեւ 20 մլն ՀՀ դրամ նորարարական դրամաշնորհներ՝ կայացած ընկերություններին

Կորոնավիրուսի հետեւանքների չեզոքացման նպատակով ՀՀ կառավարության կողմից հաստատված 17-րդ միջոցառման երկրորդ ծրագրով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը «Գաղափարից մինչեւ բիզնես» ծրագրի շրջանակներում հայտարարել է կայացած ընկերությունների դրամաշնորհների մրցույթ:

Արդյունքում, մինչեւ 20 մլն ՀՀ դրամի չափով դրամաշնորհներ կտրամադրվեն կայացած ընկերություններին: Մրցույթին մասնակցելու իրավունք ունեն 2 եւ ավելի տարիներ ՀՀ-ում գրանցված եւ ծառայություններ մատուցող տեխնոլոգիական ընկերությունները (տնտեսավարողներ), որոնք պատրաստել եւ մշակել են պրոդուկտներ, ունեն տվյալ ընթացակարգին մասնակցելու հավասար իրավունք:

Մրցույթի բյուջեն կազմում է 460 մլն ՀՀ դրամ, սակայն մրցութային հանձնաժողովի կողմից ավելի շատ ընտրված նախագծեր լինելու դեպքում, որոնք գումարային առումով կգերազանցեն նախատեսված 460 մլն ՀՀ դրամը, ՀՀ կառավարության կողմից կարող են նախատեսվել լրացուցիչ ֆինանսական միջոցներ:

17-րդ միջոցառման երկրորդ ծրագրի ընթացակարգին մասնակցության հայտերը հարկավոր է ներկայացնել ինչպես էլեկտրոնային ձեւաչափով, այնպես էլ թղթային տարբերակով՝ ներկայացնելով ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն: Հայտերը անհրաժեշտ է ներկայացնել մինչեւ հուլիսի 01-ը ժամը 11:00-ն: Մանրամասները հասանելի են այստեղ: