10:21 | 27.05.20 | Նորություններ | 2458
2020թ. առաջին եռամսյակում մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների բախվել է հայաստանցի օգտատերերի 0,07%-ը: Վրաստանում նման գրոհներ գրանցվել են օգտատերերի 0,04%, իսկ Ադրբեջանում՝ 0,06% սարքերում։
Այս մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։
2019թ. հունվար-մարտին մոբայլ բանկային տրոյական ծրագրերի գրոհների ենթարկվել է հայաստանցի օգտատերերի 0,23%-ը, եւ այդ ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել էր 7-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այն ժամանակ Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքերի 0,12%-ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։
2020-ի առաջին եռամսյակում մոբայլ բանկերների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ բաժինը գրանցվել է Ճապոնիայում (0,57%), երկրորդ տեղում է Իսպանիան (0,48%), երրորդում՝ Իտալիան (0,26%)։
Նույն ժամանակահատվածում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 42 115 փաթեթ՝ նախորդ տարվա հունվար-մարտի 29 841-ի փոխարեն։
Ինչպես նշում են փորձագետները, բանկային տրոյացիներով վարակված մոբայլ սարքերն օգտատերերի բանկային քարտերի եւ հավելվածների տվյալներն ուղարկում են այդ վնասաբեր ծրագրերը ստեղծողներին. դրանք ծածկում են բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իրենց ինտերֆեյսով, եւ օգտատերը, տրոյացու ինտերֆեյսում մուտքագրելով իր բանկային տվյալները, փոխանցում է դրանք կիբեռհանցագործներին։
Մոբայլ բանկային տրոյացիները կարողանում են նաեւ ձեռք գցել բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները՝ ճանապարհ հարթելով դեպի զոհի փողերը։ Բացի կիբեռանվտանգության հիմնական կանոններին հետեւելուց, օգտատերերը պետք է իրենց մոբայլ սարքերում տեղադրեն հուսալի հակավիրուս, որը կկանխի տրոյացիների, այլ վնասաբեր ծրագրերի տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունները։