Սիլիկոնյան հովտում տեղակայված ընկերությունների մեծ մասը վերջերս հայտարարեց, որ կշարունակի աշխատել հեռավար ռեժիմով. այս որոշման արդյունքում բազմաթիվ աշխատակիցներ սկսել են Կալիֆոռնիա նահանգից դուրս ավելի հարմար պայմաններով բնակարաններ որոնել:
Bloomberg-ի հաղորդմամբ, սա պայմանավորված է նրանով, որ Սիլիկոնյան հովտում եւ Սան Ֆրանցիսկոյում բնակվելը չափազանց թանկ է, իսկ հեռավար աշխատանքը թույլ կտա աշխատակիցներին ահռելի գումար խնայել:
Պարբերականը զրուցել է մի շարք ընկերությունների աշխատակիցների ու ղեկավարների հետ: Նշվում է, որ, օրինակ, Twilio ամպային ծառայություններ մատուցող ընկերության բազմաթիվ աշխատակիցներ իրենց ղեկավարների հետ քննարկում են այլ քաղաք տեղափոխվելու եւ հեռավար աշխատելու տարբերակները: Ընկերության՝ անձնակազմի հետ կապերի աշխատակից Քրիստի Լեյքի խոսքով, ակնկալվում է, որ աշխատակիցների 20%-ից ավելին կանցնի աշխատանքի հեռավար ռեժիմի՝ երկարաժամկետ:
Հիշեցնենք, որ վերջին շրջանում մի շարք խոշոր տեխնոլոգիական ընկերություններ հայտարարել են հեռավար աշխատանքի ռեժիմը շարունակելու մասին: Դրանց շարքում են Facebook-ը, Google-ը, Microsoft-ը, Amazon-ը: