15:05 | 10.04.20 | Նորություններ | 2624
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, ի պատասխան «Յուքոմ» ՓԲ ընկերության կողմից «Վեոն Արմենիա» ՓԲ ընկերության բաժնետոմսերի ձեռքբերման վերաբերյալ լուրերին, հայտարարել է, որ «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջներին համապատասխան համաձայնություն չի տվել գործընթացին:
Նախարարությունում նշել են, որ հարցը գտնվում է քննարկման փուլում, իրականացվում են ուսումնասիրություններ եւ վերլուծություններ:
«Արտակարգ դրության պայմաններում նախարարությունը հորդորում է ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության օպերատորներին, ինչպես նաեւ նրանց աշխատակիցներին, ցուցաբերել պատասխանատվություն եւ առաջնորդվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքով իրենց վերապահված պարտավորություններով եւ Պարետի որոշումներով՝ բարձր դասելով ՀՀ կապի եւ հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքը»:
Նախարարությունը նաեւ կոչ է արել զանգվածային լրատվամիջոցներին անհարկի չշահարկել ստեղծված իրավիճակը՝ հաշվի առնելով արտակարգ դրության պայմաններում կապի եւ հեռահաղորդակցության ծառայությունների անխափան աշխատանքի կարեւորությունը:
Հիշեցնենք, որ ապրիլի 9-ին ուշ երեկոյան հայտնի դարձավ, որ Ucom ընկերության ղեկավար կազմը՝ ներառյալ ընկերության տնօրեն եւ համահիմնադիր Հայ Եսայանին, հրաժարական է տվել: «ՍիվիլՆեթի» տեղեկություններով՝ պատճառը Ucom-ի ղեկավարների եւ բաժնետերերի միջեւ հակասություններն են։ Մասնավորապես, հրապարակման մեջ ասվում է, որ դրանք վերաբերում են բաժնետերերի որոշմանն այն մասին, որ Ucom-ի եւ Beeline Armenia-ի միավորումից հետ ընկերությունը պետք է տնօրինեն Beeline Armenia-ի ղեկավարները:
Այսօր արդեն Beeline-ի տարածած հաղորդագրությունից հայտնի դարձավ, որ Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը շարունակում է զբաղեցնել իր պաշտոնը եւ չի նախատեսում լքել այն:
Ucom-ի եւ Beeline Armenia-ի միջեւ պաշտոնական գործարք չի կնքվել: