14:31 | 10.04.20 | Նորություններ | 2054

Խոշոր չափերի առերեւույթ հափշտակություն՝ dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման ընթացքում

ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ՀՀ դատախազություն է ստացվել հասարակական կազմակերպությանը ՀՀ պետական բյուջեից 2017-2018թթ․ հատկացված միջոցների մշտադիտարկման արդյունքները եւ դրանց կից փաստաթղթերի պատճենները, որոնք ուսումնասիրության առարկա են դարձել պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու դատախազության գործառույթի շրջանակներում:

Ուսումնասիրության լիարժեքությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել եւ ստացվել նաեւ ՀՀ պետական եկամուտների կոմիտեից:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ու N հասարակական կազմակերպության միջեւ 2017թ փետրվարի 14-ին եւ 2018թ. փետրվարի 2-ին կնքված դրամաշնորհային պայմանագրերի հիման վրա «Աջակցություն «Դասարան» ուսումնատեղեկատվական ծրագրի» (dasaran.am) միջոցառման իրականացման նպատակով, որպես դրամաշնորհ, կազմակերպությանը հատկացվել է 180մլն ՀՀ դրամ։ Վերջինս ստանձնել է ֆինանսական միջոցները պայմանագրերով սահմանված նպատակներով ու չափաքանակներով օգտագործելու պարտականություն։

ՀՀ ՊԵԿ տեղեկատվական շտեմարանների եւ այլ աղբյուրների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրամաշնորհային ծրագրի իրականացման շրջանակներում ՀԿ-ն 2017-2018թթ․ մի առեւտրային ընկերությունից ձեռք է բերել ծառայություններ:

Վերջիններիս արժեքը համադրվել է նույն ժամանակաշրջանում ընկերության կողմից հաշվարկված աշխատավարձի եւ կատարված ձեռբերումների վերաբերյալ տվյալների հետ: Հաշվի է առնվել նաեւ այն հանգամանքը, որ ՀԿ-ի ունեցած ռեսուրսները բավարար են եղել իրականացնելու այն աշխատանքները, որոնք ներկայացվել են որպես ընկերությունից ձեռբերված ծառայություններ: Վերոնշյալի հիման վրա ՀՀ ՊՎԾ-ի կողմից արված մշտադիտարկմամբ հետեւություններ են կատարվել այն մասին, որ նշված ՀԿ-ն առեւտրային ընկերությունից ձեռք է բերել անապրանք փաստաթղթեր։

Ուսումնասիրությամբ տվյալներ են ստացվել նաեւ, որ միջոցառման իրականացման նպատակով ՀՀ պետական բյուջեով նախատեսվել են էականորեն ավելի շատ միջոցներ, քան պահանջում էին իրական կարիքները։

Մշտադիտարկման արդյունքներում արձանագրված ելակետային տվյալների հիման վրա ՀՀ ՊԵԿ-ի կողմից կատարված նախնական հաշվարկի համաձայն՝ անապրանք փաստաթղթեր դուրս գրելու կամ ստանալու դեպքում որպես տուգանք գանձման է ենթակա գործարքի փաստացի կատարումը հավաստող փաստաթղթերում նշված գումարից շեղումների չափով, որը տվյալ դեպքում կազմում է շուրջ 138.5մլն ՀՀ դրամ։

ՀԿ-ի կողմից անապրանք փաստաթղթեր ձեռք բերելու հանգամանքն առերեւույթ վկայում է դրամաշնորհային պայմանագրերով սահմանված պահանջների խախտման, այն է՝ նախատեսված ֆինանսական աջակցության գումարները վերոնշյալ չափով պայմանագրով նախատեսված նպատակներով չօգտագործելու եւ կազմակերպության ծառայող(ներ)ի կողմից հնարավոր վատնելու մասին։

Նկատի ունենալով, որ ՀՀ ՊՎԾ-ի մշտադիտարկմամբ եւ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացված ուսումնասիրությամբ ձեռք են բերվել ՀԿ-ի ծառայողների կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրենց վստահված միջոցներից առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու առերեւութ հատկանիշների մասին վկայող փաստական տվյալներ, որոնց կապակցությամբ անհրաժեշտ է իրականացնել լրիվ, բազմակողմանի եւ օբյեկտիվ քննություն՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: