15:24 | 06.04.20 | Նորություններ | 5979

Հնդկաստանի «Արմաթում» կորոնավիրուսով հիվանդներին ուտելիք մատուցող ռոբոտ է ստեղծվել

Անցած տարի հոկտեմբերին Երեւանում կայացած ԴիջիԹեք 2019 տեխնոլոգիական ցուցահանդեսի բացման արարողությանը Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվեց «Արմաթ» կրթական ծրագիրը Հնդկաստան արտահանելու մասին պայմանագիր։

Համագործակցության շրջանակում նախատեսվում էր 2020 թ. մարտին «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների խմբավարների մեկնում Հնդկաստան՝ այնտեղ անցկացնելու դասընթացներ եւ վերապատրաստումներ՝ ապագա խմբավարների համար:

Ելնելով արտակարգ դրությունից եւ գործուղումներ իրականացնելու սահմանափակումից՝ որոշում կայացվեց վերապատրաստումների առաջին փուլը՝ ծրագրավորման կոմպոնենտը, անցկացնել հեռավար։ Վերապատրաստումները իրականացվում էին հեռախաղորդակցման ընդունված եւ հարմարավետ ծրագրերով՝ նախապես մշակված մեթոդաբանությամբ եւ գործիքակազմով։

Վերապատրաստումներն անցկացրել են «Արմաթի» փորձառու խմբակավարներ Հայկ Կարապետյանը եւ Գոռ Աբրահամյանը։

Բացի բուն նյութի տրամադրումից, Հնդկաստանի գործընկերների հետ անցկացվել են հարց ու պատասխանի ֆորմատով ինտերակտիվ դասեր, տրվել են հանձնարարություններ եւ կատարվել է Հնդկաստանի խմբակավարների թեստավորում։ Վերապատրաստվել է 6 անձ, որոնք կդասավանդեն Հնդկաստանում բացվող 3 Արմաթ լաբորատորիաներում։

«Մեր համար հիանալի փորձ էր մասնագետներ Հայկի ու Գոռի առցանց դասընթացներին մասնակցելը։ Բազմաթիվ հմտություններ յուրացրինք ու հենց դասընթացների ընթացքում սկսեցինք կիրառել դրանք։ Մենք փորձնական նպատակներով մեկ ռոբոտ ենք հավաքել եւ այժմ մոտ ենք այն վերջնական տեսքի հասցնելուն», - նշել է հնդկական կողմի ներկայացուցիչը։

Օրերս «Արմաթ» լաբորատորաների ֆեյսբուքյան խմբերում տարածվել են վերոնշյալ մատուցող-ռոբոտի աշխատանքը ցուցադրող հոլովակներ։ Վերջինս ինքնուրույն կերպով տեղի բուժհաստատություններից մեկում ուտելիք է մատուցում կորոնավիրուսով վարակված հիվանդներին։