12:51 | 31.03.20 | Նորություններ | 80603

«Արմաթ» տեխնոհամայնքը բուժհաստատությունների համար պաշտպանիչ պարագաներ է արտադրում

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների տեխնիկական համայնքը Շիրակի ու Արմավիրի մարզի բժշկական կենտրոններին է տրամադրել սեփական արտադրության պաշտպանիչ պարագաներ։

Պատրաստման մեջ կիրառվել են «Արմաթ»-ի սարքավորումները եւ ուսումնական գործիքակազմը։

Այսօր Շիրակի մարզպետարանում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների համայնքի ներկայացուցիչները մարզպետարանին հանձնել են իրենց կողմից եռաչափ տպիչներով պատրաստված պաշտպանիչ դիմավահանները՝ մարզի բուժհաստատություններին աջակցելու նպատակով։ Ավելի վաղ նման վահաններ էին տրամադրվել նաեւ Մեծամորի բժշկական կենտրոնին Արմավիրի «Արմաթ» համայնքի կողմից։

«Կարեւորելով «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների աշակերտների առողջության անվտանգությունը որոշում կայացվեց աշխատանքներում երեխաների չընդգրկել։ Սարքերը բաժանվել են խմբավարների միջեւ ու ձեռնոցների, պաշտպանիչ դիմակների կիրառմամբ եւ սանիտարական բոլոր կանոններին համապատասխան սկսել ենք դեմքի պաշտպանիչ վահանների արտադրությունը»,- տեղեկացրել է «Արմաթ» ԻԼ Շիրակի մարզային համակարգող Սոֆյա Հարությունյանը։

Շիրակի մարզպետարանի հետ համագործակցության արդյունքում հայտնի դարձավ, թե մարզի որ բուժհաստատություններին են անհրաժեշտ տվյալ պաշտպանիչ միջոցները։ Հարցման արդյունքում պարզվեց, որ մարզի հաստատություններին անհրաժեշտ է նման 150 վահան, ուստի արտադրական աշխատանքները դեռ շարունակվում են։ Պարագաների ախտահանումը հանձն են առել բուժհաստատությունները։

«Անհրաժեշտության դեպքում՝ «Արմաթի» տեխնոհամայնքը կարող է պատրաստել օրական մինչեւ 1500 պաշտպանիչ վահան՝ առանց տնից դուրս գալու: Նմանատիպ վահաններ՝ երկու շաբաթ է, ինչ ամբողջ աշխարհում արտադրում են եռաչափ տպիչներով, քանի որ այս պարագայում չի պահանջվում հոսքագիծ եւ աշխատակիցների ներկայություն աշխատավայրում: Ստեղծվել է «Covid19 open source medical supplies» ֆեյսբուքյան խումբը, ուր ներգրավված են շուրջ 60.000 ինժեներներ ու բժիշկներ ամբողջ աշխարհից եւ կիսվում են իրենց լուծումներով»,- նշել է «Արմաթ» ԻԼ մեթոդաբանության պատասխանատու Ավագ Սայանը:

Հավելենք, որ այս պահին «Արմաթի» մի շարք մասնագետներ աշխատում են նաեւ արհեստական շնչառության ապարատի նախատիպերի պատրաստման վրա՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի կոչին համապատասխան։