10:32 | 31.03.20 | Նորություններ | 79478

HighTech Talks առցանց շարքի առաջին հյուրը PicsArt-ի հիմնադիր Հովհաննես Ավոյանն է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսում է առցանց HighTech Talks շարքը՝ ՏՏ աշխարհին ծանոթացնելու, արդիական հարցեր բարձրաձայնելու եւ հանրությանը իրազեկելու նպատակով:

Նախագիծը հյուրընկալելու է հաջողված գործարարների եւ ՏՏ ոլորտի հեղինակավոր ներկայացուցիչների, ովքեր կվարեն զրույցներ՝ ներկայացնելով բարձր տեխնոլոգիաների ոլորտն իր ողջ հմայքով եւ կարծրատիպերով:

Ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում նոր Կորոնավիրուսի տարածման հետեւանքով հազարավոր մարդիկ նոր մասնագիտացում ստանալու կարիք ունեն եւ հնարավորություն ունեն մուտք գործելու ՏՏ ոլորտ, ձեռք բերելու նոր հմտություններ ու գիտելիքներ, եւ ամենակարեւորը՝ մասնագիտություն:

#HighTechTalks-ը նպաստելու է տեխնոլոգիաների մասին առավել խորը պատկերացումների ձեւավորմանը հանրության առավել լայն շրջանակների համար: Շարքի մեկնարկը կտրվի այսօր՝ ժամը 21:00-ին: Նախագծի առաջին հյուրն է PicsArt ընկերության հիմնադիր եւ գլխավոր գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը, ով կվարի «ՏՏ աշխարհը» թեմայով զրույցը:

Հաղորդմանը հնարավոր կլինի ուղիղ եթերում հետեւել այստեղ, իսկ ավարտից հետո տեսանյութը կտեղադրվի YouTube-ում:

HighTech Talks-ի (#Հայթեք զրույցներ) հետագա առցանց հաղորդումների շրջանակներում թեմատիկ ելույթներով հանդես կգան ոլորտի՝ հաջողություններ գրանցած մի շարք փորձառու ներկայացուցիչներ: Նրանք կխոսեն տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների դրական եւ բացասական կողմերից, մեր կյանքում տեխնոլոգիաների դերից եւ թե ինչպես են դրանք վերափոխում մեր կյանքը, թե ինչ ազդեցություն են ունենում մարդկանց բարեկեցության եւ անվտանգության վրա, կվերլուծեն բարձր տեխնոլոգիական նորարարությունները, էկոհամակարգի զարգացման ու ստարտափների խնդիրներն ու հնարավորությունները:

Բանախոսները կխոսեն աշխարհում ստեղծված իրավիճակի մասին եւ կտան իրենց գնահատականը, կբարձրաձայնեն ոլորտի գլոբալ բարեփոխումների եւ տրանսֆորմացիոն միտումների, հեռահար աշխատանքի հնարավորությունների մասին։