17:48 | 25.03.20 | Նորություններ | 84279

Աշխարհի 5 ամենատպավորիչ հետազոտական կենտրոնները

Ժամանակակից մարտահրավերները ստիպում են առանձնահատուկ ուշադրություն դարձնել գիտությանն ու արժեւորել գիտական զարգացման ներուժը՝ մարդկության առաջ ծառացած խնդիրները լուծելու տեսանկյունից։ Ներկայացնում ենք աշխարհի ամենատպավորիչ հետազոտական կենտրոնները, որոնց մշակումներն ու գյուտերն ընդմիշտ փոխել են շրջապատող աշխարհը։

CERN (ՑԵՌՆ)

Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնը (Conseil Européen pour la Recherche Nucléaire) շատերին հայտնի է իր ՑԵՌՆ հապավումով։ ՑԵՌՆ-ը համարվում է տարրական մասնիկների ֆիզիկան ուսումնասիրող խոշորագույն լաբորատորիան աշխարհում։

Այստեղ անցկացվում են նաեւ այլ հետազոտություններ։ Հենց ՑԵՌՆ-ի պատերի ներսում է մշակվել «Համաշխարհային ցանց» նախագիծը, ինչն, ըստ երեւույթին, մերօրյա համացանցի նախահայրն է։ 1993 թվականի ապրիլի 30-ին՝ URI, HTTP եւ HTML արձանագրությունների ստեղծումից հետո, ՑԵՌՆ-ը համացանցը դարձրեց հանրամատչելի։

Զբոսաշրջիկների համար ՑԵՌՆ-ը իսկական բացահայտում դարձավ Դեն Բրաունի «Հրեշտակներ ու հրեշներ» գրքի լույս տեսնելուց հետո։ Գրքի սյուժեի համաձայն, ահաբեկիչները CERN-ից գողանում են հակամարմնի նմուշ, որի օգնությամբ պատրաստվում են պայթեցնել Վատիկանը։

Այցելուների համար ՑԵՌՆ-ի տարածքում գործում է Մեծ հադրոնային կոլայդերի թանգարանը, որտեղ անգամ գիտությունից հեռու մարդիկ կարող են պարզ օրինակներով հասկանալ Մեծ պայթյունի ու Սեւ խոռոչների տեսությունները։

Ուշադրության արժանի որոշ այցելավայրերի վիրտուալ նկարագիրը կարելի է տեսնել այստեղ։

CUBE (ԿՈՒԲ)

Շվեյցարիայի Նեւշատել քաղաքում է գտնվում Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ ընկերության գիտահետազոտական կենտրոնը, որն ամբողջությամբ ապակուց պատրաստված քառանիստի տեսք ունի ու հայտնի է CUBE անունով։ Հենց Կուբում են մշակվում նիկոտին մատակարարող նոր սերնդի՝ այսպես կոչված «անծուխ» այլընտրանքային տեխնոլոգիաները։

Ամեն ամիս Կուբը հյուրընկալում է տասնյակ հետաքրքրասերների` գիտնականներ, փորձագետներ, լրագրողներ, ում համար այլեւս ընդմիշտ փոխվում է պատկերացումը նոր սերնդի ծխախոտային արտադրատեսակների վերաբերյալ։

Կուբում աշխատում են 400-ից ավելի գիտնականներ։ Այն ունի տարբեր մասնաշենքեր, որոնց տրվել են չորս տարերքներից երեքի անվանումները՝ Հող, Օդ, Ջուր։ Բացակայում է կրակը, ու դա պատահական չէ․ Ֆիլիպ Մորրիսը որդեգրել է առանց ծխի ապագա ստեղծելու տեսլականը։ Ի տարբերություն Xerox-ի հետազոտական կենտրոնի, Կուբում ստեղծված տեխնոլոգիաներն արդեն հասանելի են համաշխարհային շուկայում։

Ընկերության գլխավոր տնօրեն Անդրե Կալանթզոպուլոսը նշում է․ «Պատկերացրեք, թե որքան կքննադատվեի ես, եթե տարիներ հետո պարզվեր, որ մենք ծխողներին կարող էինք առաջարկել ավելի լավ այլընտրանք, բայց այն թողել ենք լաբորատորիայում»։

Կուբի պաշտոնական կայքում առկա է վիրտուալ այցելության հնարավորություն․ կարելի է մտնել գիտահետազոտական կենտրոն, այցելել լաբորատորիաները, հիանալ բացվող տեսարանով։

Հայ ընթերցողի համար հետաքրքիր կլինի իմանալ, որ Ֆիլիպ Մորրիս ընկերությունը Հայաստանում հիմնել է իր թվով երրորդ գիտահետազոտական կենտրոնը։ Ֆիզիկապես կենտրոնը տեղակայված է լինելու Պոլիտեխնիկական համալսարանի տարածքում, ներկայումս ընթանում են շինարարական աշխատանքներ։ Կենտրոնն արդեն իսկ գիտական էկոհամակարգի զարգացման նախագծեր է իրականացնում Հայաստանում, որի մեջ մտնում են մագիստրոսական, ասպիրանտական աջակցության ծրագրեր, գիտական համաժողովների կազմակերպում, աջակցություն գիտահետազոտական թիմերին։

PARC (ՊԱՐԿ)

Մեր աշխատանքային առօրյան անհնար է պատկերացնել առանց համակարգիչների, մկնիկների, լազերային տպիչների։ Այս ամենը մոտ 40 տարի առաջ մշակվել է Xerox ընկերության Palo Alto Research Center գիտահետազոտական կենտրոնում, որին կրճատ անվանում են PARC։ Կենտրոնը հիմնվել է ապագայի գրասենյակների համար նորարարական տեխնոլոգիաներ ստեղծելու նպատակով։ PARC-ում է ստեղծվել Smalltalk ծրագրավորման լեզուն, որը հսկայական ազդեցություն է ունեցել ներկայումս լայն կիրառություն ունեցող C++, Java եւ Python ծրագրավորման լեզուների վրա։

1979 թվականին Սթիվ Ջոբսի ու Apple ընկերության թիմի համար երկժամանոց աշխատաժողով է կազմակերպվել, որի շրջանակներում Apple-ի 100 000 արժեթղթի դիմաց (որոնք այն ժամանակ համարժեք էին 1 մլն ԱՄՆ դոլարին) ներկայացրել են PARC-ի տեխնոլոգիաները։ Ջոբսը չէր կարողանում հավատալ, որ բոլոր այդ տեխնոլոգիաները մնացել են լաբորատորիաներում ու չեն հանվել շուկա։ Այն, ինչը PARC-ում տեսավ Սթիվ Ջոբսը, հետագայում կդառնա Macintosh-ի տեսլականի հենքը։

Տարիներ անց Ջոբսն ափսոսանքով է խոսել PARC-ի տեխնոլոգիական ներուժի ու այն շուկային չներկայացնելու մասին։ «Xerox-ը կարող էր վերահսկել համակարգչային ամբողջ արդյունաբերությունը։ Կարող էր լինել իննսունականների IBM-ը։ Կարող էր լինել իննսունականների Microsoft-ը», - նշել էր Ջոբսը։

PARC-ն իր գործունեությունը շարունակում է առ այսօր՝ կենտրոնանալով մետանյութերի, տվյալագիտության ու կյանքը փոխող այլ խոստումնալից ոլորտների վրա։ Գիտահետազոտական կենտրոնի մասին մանրամասն հոլովակը կարելի է դիտել այստեղ։

Nokia Bell Labs (Բելլի լաբորատորիաներ)

Նոկիա ընկերության գիտահետազոտական կենտրոնը կոչվում է Bell Labs՝ Բելլի լաբորատորիաներ: Կենտրոնը հայտնի է հեռահաղորդակցության, էլեկտրոնային ու համակարգչային տեխնոլոգիաների ոլորտում հայտնագործություններով։ Բելլի լաբորատորիաների գիտնականներն արժանացել են թվով 9 Նոբելյան մրցանակների։ Այստեղ են հայտնագործվել տրանզիստորը, կվարցային ժամացույցը, լազերը, ռադիոաստղագիտությունը, ինչպես նաեւ UNIX օպերացիոն համակարգն ու C, C++ ծրագրավորման լեզուները։

2020 թվականին Nokia Bell Labs-ում համաշխարհային ռեկորդ է սահմանվել․ գիտնականները կապի այնպիսի արագություն են ստացել (1.52 տերաբիթ/վայրկյան), որը համարժեք է YouTube-ով միանգամից 1.5 միլիոն հոլովակ հեռարձակելուն։ Գիտնականները պնդում են, որ այս հայտնագործությունը կխթանի 5G կապի զարգացմանը։

Կենտրոնի հայտնագործություններն ու հանրամատչելի լեզվով գյուտերի բացատրությունը կարելի է գտնել այստեղ։

Rice Africa (Աֆրիկայի բրինձի կենտրոն)

Աֆրիկայի բրնձի կենտրոնը` նախկինում հայտնի որպես Արեւմտյան Աֆրիկայի բրինձի զարգացման ասոցիացիա (WARDA), Բենինում հիմնված աֆրիկյան կազմակերպություն է։ Գիտահետազոտական այս կենտրոնը հիմնադրվել է 1971 թվականին Արեւմտյան Աֆրիկայի 11 երկրների կողմից: Այժմ Rice Aftican-ին անդամակցում է աֆրիկյան 24 երկիր: 1986 թվականից Rice Aftican-ն Միջազգային գյուղատնտեսական հետազոտությունների խորհրդատվական խմբի (CGIAR) 15 մասնագիտացված հետազոտական կենտրոններից մեկն է։

Rice Africa-ի առաքելությունն է հետազոտությունների միջոցով Աֆրիկայում աղքատության հաղթահարումն ու սննդային անվտանգություն ապահովումը։ Կենտրոնը սերտ կապեր ունի անդամ երկրներում գյուղատնտեսական հետազոտական կազմակերպությունների հետ:

Rice Africa-ի հիմնական խնդիրներից մեկը բրնձի նոր տեսակների մշակումն է, որոնք հարմար կլինեն աֆրիկյան կլիմայական պայմաններում աճելուն։

Աֆրիկացի ֆերմերների արտադրողականությունը բարձրացնելու նպատակով ստեղծված «Ներիկա» բրնձի տեսակի համար գիտնական Մոնտի Ջոնսին 2004 թվականին շնորհվել է Համաշխարհային պարենային մրցանակ։ Rice Africa-ում աշխատող այս գիտնականը դարձել է աֆրիկյան առաջին քաղաքացին, ով երբեւէ ստացել է այս պատվավոր մրցանակը: