13:19 | 18.03.20 | Նորություններ | 1891

Telcell-ն անցել է աշխատանքի հեռահար ռեժիմի

Կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված արտակարգ իրավիճակի պայմաններում «Թել-Սել» ընկերությունն անցել է աշխատանքի հեռահար ռեժիմի՝ համակարգի անխափան աշխատանքի ապահովման բոլոր միջոցառումների պահպանմամբ։

«Telcell տերմինալների սպասարկող անձնակազմը խստիվ պահպանում է անվտանգության եւ կանխարգելիչ բոլոր միջոցները՝ ներառյալ ամենօրյա ջերմաչափումը։ Ինկասացման եւ տեխնիկական ծառայությունները բաժանվել են 2 խմբի՝ բացառելով միմյանց հետ շփումը։

Կանխիկ դրամի հաշվարկման կենտրոնի աշխատակիցները մշտապես պաշտպանիչ համազգեստով են, իսկ տարածքը պարբերաբար ախտահանվում է։

Առողջապահական անվտանգության անհրաժեշտ բոլոր պարագաներով զինված են նաեւ պետական հաստատություններում մեր աշխատակիցները, ովքեր հաճախորդներին աջակցում են պետվճարումներ կատարելիս։

Ժամանակավորապես դադարեցվել է մասնաճյուղերի գործունեությունը՝ բացառելու անմիջական շփումն ու մարդկանց կուտակումները փոքր տարածքներում։ Գործում է միայն Մաշտոցի 5 հասցեում գտնվող «Մաշտոց» մասնաճյուղը՝ շաբաթվա բոլոր օրերին ժամը 10:00-22:00։

Հաշվի առնելով վճարումների անկանխիկ եղանակի առավել նպատակահարմարությունը ու նաեւ Telcell Wallet հավելվածի օգտատերերի թվի աննախադեպ աճը՝ իրականացվել են սերվերային հանգույցների ավելացման տեխնիկական աշխատանքներ։ Մինչեւ մարտի 31-ը սահմանվել է պետական ծառայությունների դիմաց վճարումների եւ վարկերի մարման 0% տոկոսադրույքի ռեժիմ»,- ասված է հաղորդագրությունում:

«Կորոնավիրուսի պանդեմիան մարտահրավեր է յուրաքանչյուրիս համար, նաեւ՝ բիզնեսի։ Նման ճգնաժամի պայմաններում լավագույն դեղամիջոցը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն ու ինքնակազմակերպումն են։ Շնորհակալ եմ մեր մեծ թիմի բոլոր անդամներին՝ պրոֆեսիոնալ վարքագծի եւ իրենց գործի գիտակ լինելու համար։ Համոզված եմ՝ բոլորս պատվով կհաղթահարենք այս ճգնաժամը, առողջ եղեք»,- ասել է «Թել-Սել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը։