13:11 | 18.03.20 | Նորություններ | 10649

Նախարար. Ucom-ը կաջակցի հեռավար ուսուցման կազմակերպմանը

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասել է, որ բոլոր բուհերում տարբեր մեթոդներով արդեն ապահովված է հեռավար ուսուցման իրականացումը:

Նախարարի խոսքով՝ առաջիկայում մոնիթորինգ կանեն՝ գործընթացի ամբողջականությունը հասկանալու համար։

Հանրային հեռուստաընկերության հետ համագործակցությամբ առաջիկայում եթեր կհեռարձակվեն դասախոսություններ եւ դասընթացներ։

«Ucom ընկերությունը կտրամադրի առանձին ալիք՝ 24 ժամ դասեր հեռարձակելու համար։ Հիմա կարող է ծավալն ավելի քիչ լինել, բայց մենք հավաքում ենք ուսուցիչների, որ դասեր կկարդան, ու դա կմատուցվի։ Ունենալու ենք նաեւ առանձին յութուբյան ալիք, որտեղ կլինեն այս բոլոր նյութերը։ Ընդ որում, Ucom-ի բաժանորդների համար այս ալիքում տեսանյութեր դիտելիս ինտերնետային թրաֆիք չի ծախսվի»,- նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ նախարարության ստեղծած՝ Հեռավար ուսուցման համալիր էջում ամփոփված են հեռավար կրթական ծրագրեր իրականացնող հարթակներ։

«Դպրոցական հաստատություններում մեծ ոգեւորություն ենք տեսնում։ Առանձին դեպքերում դպրոցներ, դասարաններ, ուսուցիչներ առանց մեր միջամտության սկսել են կիրառել հեռավար ուսուցման հարթակներ։ Ես ողջունում եմ նրանց։ Միասին համագործակցելով՝ մենք պետք է այս փուլը հաղթահարենք եւ օգնենք մյուս կրթական հաստատություններին եւս անցնել նման գործիքների կիրառմանը»,- նշել է Արայիկ Հարությունյանը: