11:05 | 14.03.20 | Նորություններ | exclusive 6037
Հայաստանում այս օրերին կորոնավիրուսով վարակվածների դեպքեր կան, փակվել են դպրոցները, համալսարանները, որոշ ընկերություններ էլ՝ մեծամասամբ տեխնոլոգիական, անցել են տանից աշխատելու ռեժիմի:
Եթե դուք այն մարդկանց շարքում եք, որոնք առաջիկա օրերին տանն են մնալու եւ, անվտանգության նկատառումներից ելնելով, խուսափելու եք շփումներից, ներկայացնում ենք տնային ռեժիմը հեշտացնող հետեւյալ հնարավորությունները:
Էլեկտրոնային կառավարումը եւ պետությունը
Հայաստանի պետական գերատեսչությունների էլեկտրոնային կառավարման բոլոր գործիքները ներկայացված են e-gov համակարգում: Հարթակում այլ հնարավորությունների հետ մեկտեղ ներկայացված են լիցենզիաների հայտերի ընդունման, պետական վճարումների, անշարժ գույքի կադաստրի, հարկային հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգերը: Հասանելի են նաեւ կազմակերպությունների էլեկտրոնային գրանցման, պետությանը նամակ գրելու եւ մի շարք այլ հնարավորություններ:
Իր հերթին, պետական վճարումների e-payments համակարգը հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով վճարել պետական տուրքի, պետական կամ տեղական ինքնակառավաման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների կամ վարչական տուգանքների դիմաց:
Տանից աշխատելու ռեժիմ
Գրասենյակում չաշխատելու մասին մի շարք հայաստանյան տեխնոլոգիական ընկերություններ եւ հաստատություններ արդեն հայտարարել են:
Եթե աշխատում եք տանից, թիմակիցների հետ կապի մեջ լինելու լավագույն առցանց հարթակներն են Slack-ը, Microsoft Teams-ը եւ Facebook Workplace-ը: Կոնֆերանս զանգեր կատարելու համար ամենատարածված տարբերակներն են Zoom-ը, Google Hangouts-ը, Skype-ը եւ Yammer-ը:
Տեխնոլոգիական հսկաներն իրենց հերթին փորձում են հեշտացնել այն ընկերությունների աշխատանքը, որոնք որոշել են հեռահար աշխատանքի ռեժիմի անցնել: Օրինակ, Google-ը մինչեւ հուլիսի 1-ն անվճար է դարձրել Hangouts Meet տեսազանգերի ծառայության պրեմիում գործառույթները՝ օգնելու դպրոցներին եւ բիզնեսներին աշխատել հեռահար տարբերակով:
Գնումները՝ առցանց
Եթե տանն եք եւ չեք ցանկանում հայտնվել սուպերմարկետների մեծ հերթերում, որտեղ կա նաեւ հավանական վարակակիրներին հանդիպելու հնարավորություն, կարող եք ձեր առեւտուրն անել առցանց: Հայաստանում, բարեբախտաբար, օնլայն սուպերմարկետների պակաս չկա, եւ ընտրությունը մեծ է: Նշենք մի քանիսը՝ www.sas.am, www.supermarket.am, www.parma.am:
Այս տիպի առեւտուրը թույլ է տալիս նվազագույնի հասցնել շփումներն անհատների հետ, քանի որ հանդիպում եք միայն առաքիչին՝ ապրանքը ստանալիս:
Եթե, այնուամենայնիվ, կարոտել եք սիրելի շաուրման, խինկալին կամ պատրաստի այլ խորտիկները, դրանք եւս կարող են առաքվել ձեր սիրելի ռեստորաններից:
Ռեստորաններից առաքման տարբերակների շատ մեծ պաշար առկա է այստեղ: Ի դեպ, menu.am-ից պատվեր կատարելիս, որի վճարումը կատարվել է առցանց, արդեն կարելի է ընտրել պատվերի անհպում ստացման հնարավորությունը:
Վճարումներն՝ առցանց
Վճարման ծառայությունները բազմաթիվ են, եւ պարտադիր չէ գնալ խանութ՝ գտնելու մոտակա տերմինալը՝ ընթացքում հավանաբար հանդիպելով ծանոթների, հարեւանների եւ մեծացնելով վարակվելու ռիսկը:
Հայաստանի գրեթե բոլոր բանկերում հեռահար ծառայություններ եւ գործարքներ կարելի է իրականացնել մոբայլ հավելվածի, ինչպես նաեւ 24/7 ռեժիմով գործող կանխիկի ընդունման տերմինալների եւ բանկոմատների միջոցով: Բացի այդ, երկրում մեծ տարածում ունեն առցանց վճարահաշվարկային համակարգերը:
Վիրտուալ տուրիզմ, կամ տեսնել աշխարհը՝ առանց տանից դուրս գալու
Եթե առաջիկա շրջանում նախատեսում էիք ճանապարհորդության մեկնել ծնողների, սիրելիի կամ ընկերների հետ, եւ չարաբաստիկ կորոնավիրուսը խախտեց ձեր պլանները, միգուցե ժամանակն է փորձել վիրտուալ տուրիզմի տարբերակը:
Տրեվի շատրվանով, Կոլիզեումով, Էյֆելյան աշտարակով եւ Միլանի տաճարով կարելի է հիանալ նաեւ վիրտուալ տուրերի օգնությամբ: Ցավոք, այս դեպքում Տրեվի շատրվանի մեջ մանրադրամ գցելը եւ երազանք պահելը տեխնիկական պատճառներով կհետաձգվի: Առաջարկում ենք վիրտուալ տուրիզմի հետեւյալ տարբերակները` 360 stories, 360 cities, Airpano:
Աշխարհի լավագույն թանգարանները եւս բազմաթիվ օնլայն տուրեր են առաջարկում, եւ արվեստի համաշխարհային գլուխգործոցները տեսնելու համար նույնիսկ տոմս գնել պետք չէ: Նշենք նման մի քանի հարթակներ՝ YouVisit, History View:
Նոր գիտելիքներ կամ մասնագիտություններ
Եթե ցանկանում եք տանը մնալու ընթացքում նաեւ գիտելիքների պաշարը լրացնել, ապա այսօր կան հազարավոր առցանց դասընթացներ, որոնք առաջարկվում են աշխարհի լավագույն բուհերի կողմից եւ մեծամասամբ անվճար են:
Առաջարկում ենք գտնել ձեզ հետաքրքրող դասընթացը հետեւյալ հարթակներից` Coursera, Khan Academy, Udemy, Stanford Online: Միգուցե կորոնավիրուսը խախտել է ձեր բոլոր պլանները եւ ամեն ինչ իրար խառնել, բայց կարող է օգնել նոր մասնագիտություն սովորել:
Չմոռանանք տեխնոլոգիական հիգիենայի մասին
Վերջում խոսենք նաեւ տեխնոլոգիական հիգիենայի մասին: Ձեր օգտագործած համակարգիչները, պլանշետները եւ մնացած էլեկտրոնային սարքերը հաճախ մաքրելու կարիք կա: Այդ գործողությունը կարելի է կատարել հատուկ հեղուկների կամ անձեռոցիկների օգնությամբ:
Նարինե Դանեղյան