16:19 | 09.03.20 | Հոդվածներ | exclusive 297920
eatUP ստարտափը մշակում է մոբայլ հավելված, որը կերակրատեսակների յուրահատուկ դասակարգման շնորհիվ կօգնի սննդային նախընտրություն կամ սահմանափակում ունեցող մարդկանց ընտրել իրենց նախընտրությանը կամ սահմանափակմանը համապատասխան կերակրատեսակներ՝ ռեստորաններում, սրճարաններում եւ սննդի այլ կետերում:
Ստարտափը Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ստարտափ ինկուբատորի շրջանավարտ է:
eatUP-ի հիմնադիրներն են Աննա Իսահակյանը (բժիշկ, հանրային առողջության մագիստրոս) եւ Տաթեւ Առաքելյանը (կենսաբան, հանրային առողջության մագիստրոս): Թիմում ընդգրկված են Սերգեյ Իսախանյանը (ՏՏ մասնագետ), Փառանձեմ Սարգսյանը (բիզնես), Լիդա Գեւորգյանը եւ Ագաթե Ավետիսյանը (դիզայն):
Itel.am-ի հետ զրույցում ստարտափի հիմնադիրները նշել են, որ թիրախային օգտատերերը սննդային նախընտրություն կամ սահմանափակում ունեցող մարդիկ են:
«eatUP հավելվածը տրամադրում է անձնավորված կերակրացանկ՝ ըստ սննդային նախընտրության (բուսակերություն, վեգանիզմ, ցածր կալորիականություն) կամ սահմանափակման (դիաբետ, ստամոքսաղիքային համակարգի հիվանդություններ, լակտոզի եւ գլյուտենի նկատմամբ անտանելիություն): Անհատը հնարավորություն ունի գտնելու իր կարիքներին համապատասխան կերակրատեսակներ»,- նշել են ստարտափի հիմնադիրները:
EPIC ինկուբատոր ծրագրին մասնակցությունն օգնել է թիմին ձեռք բերել հիմնավոր տեսական եւ գործնական գիտելիքներ, այդ թվում՝ կապված գաղափարի վավերացման եւ հավելվածի գործարկման ծրագրերի հետ: Թիմի անդամները նաեւ հնարավորություն են ստացել կապ հաստատել եւ կարծիքներ փոխանակել ոլորտի լավագույն մասնագետների հետ: Առաջիկա մեկ տարում պատրաստ կլինի eatUP-ի մոբայլ հավելվածը:
eatUP ստարտափի հիմնադիրները նաեւ խորհուրդներ են տալիս ինկուբատոր ծրագրին դիմել պատրաստվող ստարտափներին: «Ակտիվորեն ընդգրկվեք ինկուբացիոն ծրագրում, կիսվեք Ձեր գաղափարով եւ լսեք կարծիքներ ձեր ընկերներից եւ մասնագետներից :Ամենակարեւորը՝ մի հուսահատվեք: Հնարավորինս լավ ուսումնասիրեք շուկան եւ թիրախային օգտատերերին»:
Նարինե Դանեղյան