11:56 | 02.03.20 | Հոդվածներ | exclusive 297349
Հայաստանի ամերիկյան համալսարանի Ձեռներեցության եւ նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) ստարտափ ինկուբատորի շրջանավարտ LearnY ստարտափը ստեղծում է կրթական խաղեր, որոնց շնորհիվ դպրոցականները կարող են ձեռք բերել տարբեր առարկաների մասին պրակտիկ գիտելիքներ:
Հիմնադիրներն են Արամ Սերոբյանը եւ Մարիամ Իսրաելյանը։ Արամը Հայաստանի ամերիկյան համալսարանի մագիստրատուրայի շրջանավարտ է եւ որոշ ժամանակ սովորել է Պորտուգալիայում՝ խաղերի ստեղծման կից ոլորտում։
Մարիամը Հայաստանի ամերիկյան համալսարանի բակալավրիատի շրջանավարտ է եւ ունի մարկետինգային փորձ մի շարք ընկերություններում:
Itel.am-ի հետ զրույցում Արամն ու Մարիամը նշել են, որ ներկայում ստարտափի թիրախում միջնակարգ դպրոցում սովորող աշակերտներն են։
«Աշխարհի զարգացած երկրներում արդեն օգտագործում են կրթական խաղեր, բայց Հայաստանում դեռ քիչ նմուշներ կան։ Մենք աշխատում ենք ուսուցիչների հետ, որպեսզի ստեղծենք հետաքրքիր եւ կրթող խաղեր»,- ընդգծել են LearnY-ում:
Ստարտափի թիմն առաջիկա տարում ծրագրում է ավարտին հասցնել մշակման փուլում գտնվող կրթական խաղը, որը կհեշտացնի քիմիա սովորելը, ինչպես նաեւ աշխատել եւս երկու նոր խաղի ստեղծման ուղղությամբ։
EPIC ինկուբատոր ծրագրին մասնակցությունն օգնել է թիմին ծանոթանալ մի շարք առաջադեմ մասնագետների հետ եւ ուսումնասիրել այնպիսի ոլորտներ, որտեղ թիմի անդամները դեռ փորձ չունեն։
Ստարտափի հիմնադիրները նաեւ խորհուրդներ են տալիս ինկուբատոր ծրագրին դիմել պատրաստվող ստարտափներին: «Մի վախեցեք դիմել, եւ լավ կազմակերպեք ձեր ժամանակը, քանզի որքան շուտ հայտնաբերեք դժվարությունները, այդքան շուտ EPIC-ը ձեզ կօգնի դրանց հաղթահարել»,- ընդգծել են նրանք:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) կայացավ EPIC ստարտափ ինկուբատորի հերթական շրջափուլի դեմո օրը, որի մասնակից ստարտափ թիմերը ներկայացան ներդրողների, ձեռներեցների եւ ՏՏ համայնքի առաջ:
Ծրագրի շրջանակում ստարտափները մասնակցել են 12 շաբաթյա դասընթացների, զարգացրել են իրենց ստարտափ գաղափարները, կառուցել եւ հաստատել բիզնես մոդելները՝ օգտվելով ՀԱՀ էկոհամակարգի առավելություններից:
Նարինե Դանեղյան