15:59 | 06.03.20 | Նորություններ | 5952
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի եւ ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ներկայացուցիչներն Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հրավերով փետրվարի 26-28-ը Տոկիոյում մասնակցել են World Smart Energy Week 2020-ին:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը Հայաստանում Ասիական զարգացման բանկի ներկայացուցիչների հետ քննարկում է Ինժեներական քաղաքի հետ հնարավոր համագործակցության ծրագրերը: Այս առումով, որպես համագործակցության առաջնային ոլորտ նշվում է էներգետիկայի ոլորտը, որտեղ արհեստական բանականությունը եւ խելացի լուծումները կարող են հավելյալ արժեք ստեղծել:
Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ծրագրերի ղեկավար Ամալյա Եղոյանը, ով հայաստանյան պատվիրակության կազմում Տոկիո էր մեկնել, նշում է, որ այցը շատ կարեւոր էր հատկապես ասիական երկրների հետ համագործակցություն հաստատելու եւ էներգետիկայի ոլորտում խելացի լուծումներ ներառելու հնարավորությունները քննարկելու առումով: Տոկիոյում խոսվել է նաեւ ճապոնական համալսարանների հետ համագործակցության մասին, որտեղ էներգետիկայի ոլորտում կան համապատասխան ֆակուլտետներ:
«Կարծում ենք, որ այդ համագործակցությունը պետք է սկսել հենց համալսարաններից: Չափազանց կարեւոր է Տոկիոյի եւ Հայաստանի հետազոտական ինստիտուտների եւ համալսարանների մասնակցությամբ միասնական ծրագրեր իրականացնելու համար համագործակցության հաստատումը, ինչպես նաեւ Ասիական զարգացման բանկի աջակցությամբ փորձի փոխանակման նոր հնարավորությունների ստեղծումը: Անհրաժեշտ է գտնել մասնավոր եւ հանրային ոլորտից համապատասխան գործընկերներ, մեծ խաղացողներ»,- նշում է Ամալյա Եղոյանը:
Հայաստանյան պատվիրակությունը Տոկիոյում հանդիպումներ է ունեցել Ճապոնիայում ՀՀ դեսպանի, ԱԶԲ ինստիտուտի ներկայացուցիչների, բանկի Ճապոնիայի ներկայացուցչի հետ: ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության միջազգային ծրագրերի պատասխանատուն, ով եւս ընդգրկված էր պատվիրակության կազմում, իր հերթին ներկայացրել է ոլորտում նախարարության առաջնահերթությունները, հավելելով, որ նախարարությունը կարեւորում է տեխնոլոգիական ներուժի ապակենտրոնացումը դեպի ոչ տեխնոլոգիական, բայց Հայաստանի համար գերակա ճանաչված ոլորտներ: