12:18 | 20.02.20 | Նորություններ | 3670
Վերլուծական ծառայություններ իրականացնող Similarweb հարթակի տվյալներով՝ Telcell Wallet-ը մի քանի ամիս անընդմեջ առաջին տեղն է զբաղեցրել «Ֆինանսներ» կատեգորիայում:
«AppStore-ում եւ PlayStore-ում, վերջին մի քանի ամիսների ընթացքում, Հայաստանում Telcell Wallet-ն ամենաշատ ներբեռնված հավելվածների թոփ տասնյակում է, համապատասխանաբար, զիջելով այնպիսի հսկաների, ինչպիսիք են՝ Facebook-ը, Instagram-ը, Tiktok-ը, WhatsApp-ը եւ Viber-ը: Համեմատության համար նշենք, որ վարկանիշային ցուցակում հայաստանյան այլ ֆինանսական հավելվածները գրավում են 22-րդ եւ 66-րդ հորիզոնականները»,- ասված է հաղորդագրությունում:
Ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանը հայտնել է, որ անցած տարվա չորրորդ եռամսյակի տվյալներով՝ Telcell Wallet-ի օգտատերերի թիվը 2019-ի սեպտեմբերի վերջի նույն ցուցանիշի համեմատ կրկնապատկվել է:
Ըստ նրա՝ այդ ձեռքբերումներին ընկերությունը հասել է լայնածավալ մարքեթինգային քաղաքականության եւ համակարգված աշխատանքի իրականացման արդյունքում:
«Telcell Wallet-ի օգտատերերի թվի աճի նման ցուցանիշը մեզ պարտավորեցնում է, եւ ինչու չէ՝ նաեւ ոգեւորում: Սա նաեւ փաստում է, որ էլեկտրոնային փողով գործարքների նկատմամբ հետաքրքրությունը հանրության շրջանում զգալիորեն աճել է: Այս տարի նույնպես «Թել-Սել»-ը կշարունակի կատարելագործել իր ծառայությունները. կլինեն նորարարություններ՝ ի նպաստ մեր հաճախորդների»,- ասել է Արամ Ազատյանը:
Telcell Wallet-ի բջջային հավելվածն օգնում է հաճախորդներին վճարումներ կատարել ավելի քան 400 ծառայության դիմաց, ինչպես նաեւ առցանց դրամական փոխանցումներ կատարել, այդ թվում՝ քարտից քարտ, ճիշտ ժամանակին ստանալ դրամական փոխանցումներ, շուտով նաեւ՝ վարկեր:
Բացի այդ, SCAN & PAY տեխնոլոգիայի կիրառման շնորհիվ հնարավոր է առեւտրի տարբեր կետերում գնումների համար վճարումներ կատարել՝ օգտագործելով հայտի մնացորդը եւ կից բանկային քարտը: