11:11 | 12.02.20 | Նորություններ | 16939

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Գյումրիում բնակվող Ստեփանյանները հիմնանորոգել են բնակարանը

Գյումրիի Մուշ թաղամասում բնակվող Ստեփանյանները հիմնանորոգել են իրենց բնակարանը՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Հայաստանի ֆուլեր տնաշինական կենտրոնի» բնակարանաշինության ծրագրի շնորհիվ:

Բնակարանն ավելի շատ տուն-թանգարան է հիշեցնում. հյուրասենյակի գրեթե բոլոր պատերից «ժպտում է» Մերուժանը՝ Ապրիլյան պատերազմի օրերին, զինված հակառակորդի դեմ անհավասար մարտում զոհված ավագ լեյտենանտը: Նա երազում էր տունը՝ տուն դարձնել: Առանց ավելորդ ճոխության եւ համեստ լուծումներով հիմնանորոգել երկրաշարժից հետո ծնողների ստացած բնակարանն ու ամուսնանալ: Մերուժանի մասին անցյալով չխոսացող ծնողներն իրականացրել են որդու երազանքը:

«Բազմաթիվ տեղերից հյուրեր էինք ունենում… հաճելի չէր. հերոսի բնակարան մտնել ու տեսնել անբարեկարգ: Դա մեզ պարտավորեցրեց, որ ուշքի գանք, կարգի բերենք մեր բնակարանը: Երազանքն ավելի շատ տղայինս էր, որ բարեկարգ բնակարանում բնակվի: Տան տերն ինքն էր լինելու, ուզում էր ամեն ինչ լավ լինի: Նույնիսկ իր նշանածին էր ասել: Ավաղ, իր երազանքը մենք միայն կարողացանք իրականություն դարձնել»,- ասել է Մերուժանի հայրը՝ Արթուրը:

Երկրաշարժից հետո, Ստեփանյանները 3 տարի ապրել են վագոն-տնակում, այնուհետեւ տեղափոխվել նոր ստացած բնակարան: Բազմաթիվ դժվարությունների միջով անցած ընտանիքին, տեւական ժամանակ չի հաջողվել հիմնանորոգել այն: Ավելի քան 3 տասնամյակ հետո միայն, խնդիրը լուծվել է: Մերուժանի ծնողները՝ Արթուրն ու Նունեն, ձգտել են ամեն ինչ անել այնպես, ինչպես կցանկանար իրենց որդին:

Հիմնանորոգված տանն արդեն մեծանում են Ստեփանյանների թոռնիկները, որոնցից կրտսերը լույս աշխարհ է եկել Մերուժանի զոհվելուց մեկ ամիս անց:

«Նման ծրագրերը շատ կարեւոր են, որովհետեւ կան շատ կարիքավոր մարդիկ, որոնք ֆիզիկապես կամ ֆինանսապես ի վիճակի չեն իրենց երազանքներն իրականություն դարձնել: Դրանք մարդկանց բարձրացնում են եւ ֆիզիկապես եւ հոգեպես»,- ասել է Արթուրը: