15:53 | 06.02.20 | Նորություններ | 10439

Lucky Carrot ստարտափը BANA-ի բիզնես հրեշտակներից ներդրում է ստացել

Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցի՝ BANA-ի ներդրողները ներդրում են կատարել Lucky Carrot ստարտափում։

Թիմն իր առաջին ներդրումը կօգտագործի նորարար հարթակի հետագա զարգացման համար։

Lucky Carrot-ի շնորհիվ ընկերությունները բարելավում են աշխատակիցների ներգրավվածությունը եւ մոտիվացիան՝ նպաստելով ավելի լավ աշխատանքային միջավայր ստեղծելուն։ Համակարգը թույլ է տալիս աշխատակիցներին շնորհակալություն հայտնել միմյանց՝ ուղարկելով օնլայն գազարներ, իսկ կուտակված գազարները կարելի է վերածել լավագույն խանութների եւ ժամանցային վայրերի նվեր քարտերի։ Հարթակը տալիս է 45 օր ծառայությունից անվճար օգտվելու հնարավորություն։

BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը նշել է այն հատկանիշները, որոնց շնորհիվ 4 ներդրողները որոշել են հենց այս թիմում ներդրում անել՝ ուժեղ թիմ, ծառայության հանդեպ մեծ ընկերությունների հետաքրքրվածություն եւ գլոբալ շուկայում զարգանալու հնարավորություն:

«Պրոդուկտը ստեղծվել է շուկայի պահանջներից ելնելով։ Իրենց թիմում խնդիրը լուծելով, հասկացել են, որ նույն խնդիրներին բախվում են ուրիշ կազմակերպությունները։ Ուշագրավ է, որ այն ընկերությունները, որոնք Lucky Carrot-ը սկզբում անվճար գրանցվել ու փորձարկել են, հետագայում դարձել են վճարովի հաճախորդներ»,- նշել է Գրիգոր Հովհաննիսյանը:

Ի տարբերություն համաշխարհային շուկայում գործող նմանատիպ հարթակների, Lucky Carrot-ը տալիս է ավելի խորը եւ օգտակար վերլուծություն։ Ստարտափի առանձնահատկություններից է նաեւ աշխատակիցների միջոցով ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ապահովումը։ Այս մոդելով աշխատակիցները ներդրում են ունենում ընկերության բարեգործական ծրագրերում։

Հաջորդ նորությունն ընկերության inhouse պրոդուկտները բոնուսային հարթակ մտցնելն է, որի միջոցով աշխատակիցը կարող է վերածել իր օնլայն գազարներն ընկերության կողմից տրամադրվող ծառայության։ Վերջինիս շնորհիվ Lucky Carrot-ը պակասեցնում է ընկերության բոնուսային բյուջեն։


«Մասնակցելով Beeline ստարտափ ինկուբատորի 3-րդ շրջափուլին՝ ծանոթացանք BANA-ի ներդրողների հետ։ Բանակցությունների արդյունքում ստացանք մեր առաջին ներդրումը, որի շնորհիվ կկարողանանք թիմը համալրել նոր մասնագետներով, նաեւ մասնակցել միջազգային կոնֆերանսների ու նոր հաճախորդներ եւ գործընկերներ գտնել արտերկրում։ Այս գործընթացն արդեն սկսել ենք»,- նշել է Lucky Carrot-ի համահիմնադիր եւ տնօրեն Մարիամ Գյուլումյանը։

Նա պատմել է, թե ինչպես է ստեղծվել Lucky Carrot-ի գաղափարը. «Մեր մեծ ընկերությունում բոնուսային համակարգը ոչ էֆեկտիվ սկզբունքների վրա էր հիմնված։ Ամեն ամիս ղեկավարությունը պարգեւատրում էր ամենալավ դրսեւորած աշխատակցին, իսկ մյուսների մոտիվացիան ընկնում էր, քանի որ իրենք էլ էին իրենց լավ դրսեւորել։ Մեր ընկերության ներսում կատարած հաքաթոնի շնորհիվ 2019-ի հունվարին ստեղծվեց Lucky Carrot-ը․ մենք սկսեցինք այն անմիջապես օգտագործել, իսկ ամիսներ անց մեզ միացան այլ ընկերություններ»։

Lucky Carrot-ի թիմը բաղկացած է 7 հոգուց։ Թիրախում են ՏՏ, թվային մարկետինգի եւ ֆինանսական ոլորտի ընկերությունները, որոնք ունեն 20-ից 5000 աշխատակից։ Այժմ հարթակը օգտագործվում է 27 կազմակերպության կողմից, այդ թվում՝ Hero House, SmartClick AI, Chessify, The Crowdfunding Formula, EarlyOne, gg, Seven Smarts, Onex, FinLex, EV Consulting, Deem Communications, ինչպես նաեւ Հայաստանի Բարձր Տեխնոլոգիական Արդյունաբերության նախարարության կողմից։

Առաջիկայում Lucky Carrot-ը ծրագրում է նվաճել ամերիկյան, եվրոպական եւ արաբական շուկաները։