14:26 | 06.02.20 | Նորություններ | 2559
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Միջազգային ուսանողական ծրագրավորման մրցույթին (ICPC) մասնակցած՝ Երեւանի պետական համալսարանի ուսանողների թիմի անդամներ Խաժակ Գալստյանին, Համլետ Միքայելյանին, Լեւոն Մուրադյանին, մարզիչ Ալբերտ Սահակյանին եւ ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանին:
Թբիլիսիում կայացած միջազգային ուսանողական ծրագրավորման ամենահեղինակավոր այս մրցույթին մասնակցել են 110 երկրների ավելի քան 3000 համալսարաններ: ԵՊՀ թիմը դուրս է եկել եզրափակիչ փուլ:
Շնորհավորելով ուսանողներին ձեռքբերման համար՝ նախագահ Սարգսյանը հաջողություններ եւ հաղթանակ է մաղթել թիմին՝ նշելով, որ դրա համար պետք է ջանասիրաբար աշխատել ու պատրաստվել: Նա ասել է, որ նման հաղթանակները նույնն են, ինչ սպորտային եւ օլիմպիական հաղթանակները, եւ դրանք նույն ուշադրությանն ու վերաբերմունքին պետք է արժանանան:
ԵՊՀ ինֆորմատիկայի եւ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկանն ասել է, որ թիմը բացառիկ արդյունք է գրանցել մի քանի փուլից բաղկացած այս հեղինակավոր եւ ուժեղ մրցույթում. եզրափակիչը տեղի կունենա 2020թ. հունիս ամսին, Մոսկվայում:
Համալսարանական ուսանողները պատմել են մրցույթի եւ իրենց ապագա ծրագրերի մասին: Վահրամ Դումանյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին՝ ցուցաբերած վերաբերմունքի համար, նշելով, որ նախագահի ուշադրությունն ուսանողների համար ոգեւորող է: Նա շատ էական է համարել այն հանգամանքը, որ Արմեն Սարգսյանը կարեւորել եւ կարեւորում է ծրագրավորման ոլորտը, որը հեռանկարային է մեր երկրի համար:
Նախագահ Սարգսյանը վերհիշել է համամիութենական դպրոցական օլիմպիադաներին իր մասնակցության ու փորձառության մասին, նշելով, որ այսօր էլ կրթությունը շարունակում է մնալ մեր հզորագույն հաղթաթղթերից մեկը:
Արմեն Սարգսյանը պատմել է նաեւ նախագահական ATOM (Advanced Tomorrow) ծրագրի մասին, որն ուղղված է լինելու գիտության ու տեխնոլոգիաների զարգացմանը։ Ծրագրի շրջանակներում համագործակցության վերաբերյալ արդեն իսկ նախնական պայմանավորվածություններ կան աշխարհի առաջատար մի շարք տեխնոլոգիական ընկերությունների հետ, մասնավորապես՝ արհեստական բանականության զարգացման, մաթեմատիկական մոդելավորման եւ այլ ուղղություններով։