ՀՀ կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ Վիվա-ՄՏՍ-ը 2019թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են վճարել 31,07 մլրդ դրամի հարկ, ինչը 83,2%-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշին (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վերջիններիս կողմից պետական բյուջե է վճարվել 16,96 մլրդ դրամի հարկ):
ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերությունն է: Այն 2019թ. չորրորդ եռամսյակի տվյալներով պետբյուջե է վճարել 12,24 մլրդ դրամի հարկ, ինչը 222,9%-ով ավել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Խոշորագույն հարկատուների ցանկում ընկերությունը 2019թ. չորրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 10-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 45-րդ տեղի փոխարեն:
Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Վիվա-ՄՏՍ-ն է՝ 9,89 մլրդ դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերն ավելացել են 45,6%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցուցակում 18-րդից դարձել է 14-րդը:
Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ «Յուքոմ» ընկերությունը (18-րդ տեղ՝ 22-րդի փոխարեն), որն ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 8,94 մլրդ դրամ հարկ, ինչը 40,2%-ով գերազանցում է 2018թ. ցուցանիշը:
1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (176-րդ տեղ՝ 129-ի փոխարեն, 1,11 մլրդ դրամ, անկում՝ 14,4%):