09:32 | 20.05.19 | Նորություններ | 3726

Կապի խոշոր օպերատորները զգալիորեն կրճատել են հարկերը

ՀՀ կապի երեք օպերատորները՝ Ucom-ը, Beeline-ը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ը, 2019թ. հունվար-մարտ ամիսներին, ընդհանուր առմամբ, պետական բյուջե են վճարել 2,7 մլրդ դրամի հարկ, ինչը 50,5%-ով զիջում է անցած տարվա ցուցանիշին:

ՀՀ 1000 խոշոր հարկատուների ցուցակի համաձայն՝ կապի օպերատորների շրջանում ամենախոշոր հարկատուն «Յուքոմ» ընկերությունն է: Այն 2019թ. առաջին եռամսյակում պետբյուջե է վճարել 1 967,2 մլն դրամի հարկ, ինչը 20,6%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Խոշորագույն հարկատուների ցանկում «Յուքոմ»-ը 2019թ. առաջին եռամսյակի տվյալներով զբաղեցրել է 11-րդ տեղը՝ նախորդ տարվա նույն եռամսյակի 9-րդ տեղի փոխարեն:

Ոլորտի մյուս խոշոր հարկատուն Beeline ապրանքանիշը ներկայացնող «Վեոն Արմենիա» ընկերությունն է՝ 518,2 մլն դրամ հարկերի ծավալով: Ընկերության վճարած հարկերը նվազել են 61,3%-ով, եւ այն ընդհանուր հարկատուների ցուցակում 21-րդից դարձրել է 78-րդը:

Խոշորագույն հարկատուների ցուցակում է նաեւ ՎիվաՍել-ՄՏՍ ապրանքանիշը ներկայացնող «ՄՏՍ Հայաստան» ընկերությունը  (201-րդ՝ 18-րդի փոխարեն), որը, ընդհանուր առմամբ, պետբյուջե է վճարել 199,2 մլրդ դրամ հարկ, ինչը 87,6%-ով զիջում է 2018թ. ցուցանիշը:

1000 խոշոր հարկատուների ցանկում ինտերնետ մատակարարներից ընդգրկվել է նաեւ «Ռոստելեկոմ» ապրանքանիշով գործող «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ընկերությունը (165-րդ տեղ, 233,9 մլն դրամ, անկում՝ 26,7%):

Ընդհանուր առմամբ, Հայաստանի առաջին 1000 խոշոր հարկատուները 2019թ. հունվար-մարտ ամիսներին պետբյուջե են վճարել 212,3 մլրդ դրամի հարկ, ինչը շուրջ 18,9%-ով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը: