14:57 | 24.01.20 | Նորություններ | exclusive 21349

GravitX. Խաղ՝ գլխի ու աչքերի շարժումների միջոցով

Improvis Games ընկերությունը ներկայացրել է GravitX մոբայլ խաղը, որը կառավարվում է առանց մարդու եւ սարքի միջեւ եղած ֆիզիկական շփման եւ թույլ է տալիս ամբողջությամբ ղեկավարել խաղի ընթացքը` խաղացողի գլխի եւ աչքերի շարժումների միջոցով։

Խաղը մշակել է հայաստանյան Improvis Games ընկերության 4 հոգանոց թիմը:

GravitX-ի նպատակն է աչքերի եւ գլխի շարժումներով ուղղորդել գլորվող գնդակը խաղատախտակի վրա՝ տարբեր նպատակակետերի հասցնելու համար։ Խաղացողը կառավարում է գնդակի դիրքը գլխի շարժումներով, աչքերը եւս մասնակցում են խաղի կառավարմանը։

 

Improvis Games թիմի ղեկավար Գարեգին Համբարյանի խոսքով, ընկերության ձայնային եւ հնչյունային ռեժիսորները մեծ ջանքեր են ներդրել խաղացողին ներդաշնակ երաժշտական էֆեկտներով գրավելու համար։ Խաղն առանձնանում է նաեւ իր դիզայնով։

«Մեր թիմն աշխատում էր արհեստական բանականության տարրերով աշխատող մի ծրագրի վրա, որը թույլ էր տալիս աչքերի շարժումներով մուտքագրել ծածկագրերը՝ առանց մարդու եւ սարքի միջեւ ֆիզիկական շփման։ Այդ ժամանակ միտք ծագեց ստեղծել մի խաղ, որը կտարբերվի առկա բոլոր խաղերից իր կառավարման ձեւով եւ հնարավորություն կտա մարդ-սարք շփումը դարձնել ավելի հետաքրքիր»,- պատմել է Գարեգին Համբարյանը:

GravitX-ի հիմնական լսարանը երիտասարդներն են։ Խաղն օգտակար է նաեւ պասիվ կենսակերպ ունեցող մարդկանց եւ ՏՏ ոլորտի աշխատողների համար, քանի որ խաղի ընթացքում կատարած պարանոցի եւ աչքի վարժությունները կօգնեն նվազեցնել սթրեսը եւ լարվածությունը:

Գարեգին Համբարյանը նշել է, որ ընկերությունը մշակել է նաեւ խաղի ձայնային կառավարման հնարավորությունը, որը դեռ չի հրապարակել, հետագայում պատրաստվում են կիրառել նաեւ նեյրո-հետադարձ կապը: 

GravitX-ը ներկայում հասանելի է AppStore-ում: Improvis Games թիմի ղեկավարի խոսքով, նախնական փուլում խաղը սկսել են մշակել թե IOS-ի եւ թե Android-ի համար:

«Սակայն մշակումը շատ ժամանակ պահանջեց եւ որոշեցինք կենտրոնանալ մեկ հարթակի վրա: Պատրաստվում ենք մոտ ապագայում գործարկել GravitX-ի Android տարբերակը»,- նշել է Գարեգին Համբարյանը: