12:09 | 16.01.20 | Նորություններ | 2030
Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է էմիրաթական «Թավազուն» տնտեսական խորհրդի գործադիր տնօրեն Թարեք Աբդուլ Ռահիմ ալ Հոսանի հետ:
«Թավազուն» տնտեսական խորհուրդը հիմնադրվել է 1992թ. Աբու Դաբիում եւ գործունեություն է ծավալում հիմնականում ռազմարդյունաբերական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիական ու նորարարական լուծումների ուղղությամբ:
Արմեն Սարգսյանը եւ «Թավազուն»-ի գործադիր տնօրենը շարունակել են իրենց նախկին հանդիպումներին սկսված քննարկումները՝ համագործակցության համար հետաքրքրություն ներկայացնող ոլորտների եւ խորհրդի պատվիրակության հայաստանյան այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շուրջ:
Խորհրդի գործադիր տնօրենը նշել է, որ ակնկալում են գործնական, արագ, երկարատեւ ու արդյունավետ համագործակցություն եւ մտադիր են առաջիկայում Երեւանում բացել խորհրդի ներկայացուցչություն:
Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ նորագույն տեխնոլոգիաների, ստարտափների, կրթական, գիտահետազոտական ուղղություններում փոխգործակցության հնարավորություններին, մասնավորապես, նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում համատեղ ծրագրերի իրականացմանը: