13:01 | 18.12.19 | Նորություններ | 1854

«Կասպերսկի». ՀՀ օգտատերերի վրա համացանցի միջոցով եւ տեղային սպառնալիքների գրոհները թուլացել են

Համացանցի միջոցով գրոհների 2019թ. երրորդ եռամսյակում ենթարկվել է Հայաստանի օգտատերերի ավելի քան 11,8%-ը։ Վրաստանում այդ ցուցանիշը կազմել է մոտ 10,3%, իսկ Ադրբեջանում՝ ավելի քան 12,7%։

Այդ ցուցանիշը բոլոր երեք երկրներում նվազել է, քանի որ 2019թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում վեբ-գրոհների բախվել է օգտատերերի 15,4%-ը, Վրաստանում՝ 14,2%-ը, իսկ Ադրբեջանում՝ 16,6%-ը։ Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները, որոնց համաձայն, հուլիս-սեպտեմբերին ամենից շատ համացանցից գրոհների բախվել են Թունիսի օգտատերերը՝ 23,3%։

Նվազել է նաեւ այն օգտատերերի բաժինը, որոնց գրոհել են տեղային սպառնալիքները. եթե 2019թ. երկրորդ եռամսյակում Հայաստանում այն կազմել է 33,5%, ապա երրորդում՝ 29,5%, Վրաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 26,6% եւ 22,5%, Ադրբեջանում՝ 39,2% եւ 34,7%։ Հուլիս-սեպտեմբերին ամենից շատ տեղային գրոհների բախվել են Աֆղանստանի օգտատերերը՝ 53,45%։

Փորձագետները խորհուրդ են տալիս օգտագործել վեբ-մոդուլով հակավիրուս, որն օգտատերերին պաշտպանում է վարակված վեբ-էջերից վնասաբեր օբյեկտների ներբեռնումից։

Տեղային սպառնալիքներից պաշտպանվելու համար հարկ է միշտ հակավիրուսով ստուգել հանովի կրիչները։

Անհրաժեշտ է նաեւ համակարգչում անջատել հանովի կրիչների ֆայլերի ավտոմատ գործարկման գործառույթը, իսկ կորպորատիվ օգտատերերը պետք է ամբողջ պատասխանատվությամբ վերաբերվեն սարքերի ֆիզիկական անվտանգությանը եւ պատշաճ վերահսկողություն սահմանեն միացվող սարքերի նկատմամբ։ Այդ անելու համար նրանց կօգնեն ցանցին միացման հսկողության համակարգ եւ սարքերի հսկողության գործառույթ ունեցող պաշտպանական լուծումները, որոնք կան բիզնեսի համար հակավիրուսային ծրագրերում։