15:41 | 16.12.19 | Նորություններ | 1596

Հայաստանն ու Ռումինիան քննարկել են տեխնոլոգիական համագործակցության ուղիները

ՀՀ բարձր տեխնոարդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը դեկտեմբերի 13-ին ընդունել է Հայաստանում Ռումինիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին։

Դեսպան Կորնել Իոնեսկուն նշել է, որ Ռումինիայում մեծ տեղ ու նշանակություն է տրվում տեխնոլոգիական ոլորտի զարգացմանը, եւ այս ուղղությամբ կարող են համագործակցության արդյունավետ հեռանկարներ լինել։

Նա նաեւ ընդգծել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործակցության խորացման կարեւորությունը, նշել, որ համագործակցության առաջարկները կներկայացնի հնարավոր բոլոր գործընկերներին, շահագրգիռ կողմերին՝ նպաստելով երկու երկրների միջեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում դրական արդյունքների արձանագրմանը։

Հակոբ Արշակյանը համառոտ ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ոլորտի այն ծրագրերը, որտեղ կան համագործակցության հնարավորություններ։ Նա անդրադարձել է տեխնոլոգիական ցուցահանդեսներում երկու երկրների ընկերությունների մասնակցության կարեւորությանը։ Նախարարը նշել է, որ Հայաստանում տեխնոլոգիական կարեւոր ցուցահանդեսներից են Digitec EXPO-ն եւ ArmHighTech EXPO-ն, ներկայացրել է դրանց առանձնահատկությունները, եւ հույս հայտնել, որ առաջիկայում իրենց տաղավարով դրանցում մասնակցություն կունենան նաեւ ռումինական ընկերությունները։