12:43 | 16.12.19 | Նորություններ | 1381

«Ծրագրավորման ժամ» միջոցառումը Երեւանում համախմբեց դպրոցականներին

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» եւ «Այբ» դպրոցի նախաձեռնությամբ ու գործակցությամբ` դեկտեմբերի 15-ին «Այբ» դպրոցում արդեն 6-րդ տարին անընդմեջ կայացավ «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումը:

Միջոցառման գործընկերն էր «Յուքոմ» ընկերությունը, որը միջոցառման ընթացքում ապահովեց ինտերնետ կապով։

«Ծրագրավորման ժամ»-ի նպատակն է մասնակից դպրոցականներին ծանոթացնել ծրագրավորողի աշխատանքին, նրանց համար բացահայտել ծրագրավորման տրամաբանությունը եւ թե ինչ է «ծրագրավորման կոդը», ցույց տալ, որ ցանկացած մարդ կարող է սովորել ծրագրավորման հիմունքները։

photo © «Այբ»

Միջոցառման մի քանի ժամերի ընթացքում մասնակիցներն աշխատեցին իրենց կցված մենտորների հետ, ովքեր ներկայացնում են հայաստանյան լավագույն ՏՏ ընկերությունները։

«Հուսով եմ՝ այս դպրոցի պատերը կտրամադրեն ձեզ ավելի շատ սովորելու։ Սովորեք ու գնացեք առաջ, դարձեք աշխարհի լավագույն ծրագրավորողները»,- մասնակից երեխաներին մաղթեց «Այբ» դպրոցի գործադիր տնօրեն Արամ Փախչանյանը։

«Ծրագրավորում սովորելով պարտադիր չէ վերջում հենց ծրագրավորող դառնալ։ Ծրագրավորումը զարգացնում է մտածելակերպը եւ խնդիրներ լուծելու ունակությունը։ Այս միջոցառումը «Այբ» դպրոցի հետ կազմակերպելով՝ նպատակ ունենք փորձելու ծրագրավորումը հասանելի դարձնել նաեւ այն երեխաների համար, ովքեր ավելի հեռու են այդ բնագավառից»,- նշել է «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» տնօրեն Արտաշես Վարդանյանը։

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի` աշխարհի 180 երկրից: Հայաստանում զգալիորեն մեծանում է դպրոցականների հետաքրքրությունը ՏՏ ոլորտի նկատմամբ։

Այս տարի «Ծրագրավորման ժամ» միջոցառմանը մասնակցեցին 5-18 տարեկան 200-ից ավելի պատանի: Մասնակիցներից շատերի համար միջոցառումն առաջին քայլն էր ծրագրավորման ոլորտում, եւ հուսով ենք՝ նրանք կշարունակեն հետաքրքրվել ծրագրավորմամբ եւ սովորել այն։