12:01 | 22.11.19 | Նորություններ | 1623
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 21-ին Միլանում մասնակցել է «Հայաստան, նոր իրականություն. հարթակ դեպի եվրասիական շուկա» խորագրով անցկացվող հայ-իտալական գործարար համաժողովին։
Բիզնես ֆորումին, որը կազմակերպել էին Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, Իտալիայի առեւտրային գործակալությունը, «Assolombarda» եւ «Mediobanca» ներդրումային ընկերությունները, մասնակցել է շուրջ 150 մարդ:
«Հայաստանը հիանալի հնարավորություններ է ընձեռում բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, եւ մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում ներդրումներ կատարելու համար: Հայաստանը կարող է դառնալ ավելի լայն տարածաշրջանային ինտերնետ կապի հանգույց: Անցյալ ամիս մենք հյուրընկալեցինք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսը` աշխարհի ամենամեծ եւ ամենահեղինակավոր ՏՀՏ միջոցառումներից մեկը»,- իր ելույթում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա ընդգծել է, որ համեմատաբար կարճ ժամանակահատվածում իշխանությունները կարողացել են Հայաստանը դարձնել բոլորի համար հավասար հնարավորությունների երկիր՝ խթանելով գործարարությունն ու նորաստեղծ ձեռնարկությունները, որպեսզի Հայաստանը դառնա ներդրումների համար գրավիչ հանգրվան։
«Այսօր իմ կոչն ու ուղերձն է՝ միավորել ջանքերը հանուն նոր Հայաստանի կառուցման, համախմբել մեր ուժերը` Հայաստանն առավել մրցունակ եւ գրավիչ դարձնելու նպատակով»,- հավելել է նա:
Նիկոլ Փաշինյանը մասնակցել է հայ-իտալական համաժողովի շրջանակում հարցուպատասխանի ձեւաչափով քննարկմանը, որի ընթացքում պատասխանել է համաժողովի մասնակիցների հարցերին։
Անդրադառնալով Հայաստանում ՏՏ ճյուղի զարգացման մասին հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տնտեսության այս ճյուղը դինամիկ զարգանում է, ոլորտում առկա է մեծ ներուժ, եւ ելնելով այդ իրողությունից՝ Հայաստանի կառավարությունը բարեփոխումներ է իրականացնում կրթության ոլորտում եւ նպատակադրել է խթանել տեխնոլոգիական կրթությունը, բիզնես կրթությունը։