15:55 | 15.10.19 | Նորություններ | 3036

«Լույս» հիմնադրամում կգործի բլոկչեյն հետազոտական ուղղություն

«Լույս» հիմնադրամը, NOOOR Հայաստանի բլոկչեյն ասոցիացիան եւ Crypto NDX ընկերությունը հանդես են եկել համատեղ նախաձեռնությամբ, որի շրջանակում հիմնադրամում կգործի բլոկչեյն հետազոտական ուղղությունը եւ կրթական ծրագիր:

Այս մասին Հայաստանում անցկացվող ChainPoint համաժողովի շրջանակում հայտարարել է ԼՈՒՅՍ հիմնադրամի խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը, ով այսուհետ գլխավորելու է հիմնադրամում նշված հետազոտական ուղղության աշխատանքները:

Կրթական ծրագրի շնորհիվ նախատեսվում է ընդլայնել Հայաստանում բլոկչեյնի վերաբերյալ հասարակության կրթվածության եւ տեղեկացվածության մակարդակը, ինչպես նաեւ հնարավորություն ստեղծել պատրաստելու մասնագետներ ոլորտում գործող ընկերությունների համար:

Հիմնադրամի կազմում ստեղծվող հետազոտական ուղղությունը ծառայելու է որպես հարթակ՝ ոլորտի մասնագետների համար արդի հիմնախնդիրների քննարկման եւ լուծումների որոնման համար: