14:32 | 08.10.19 | Նորություններ | 1636
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է WCIT 2019 մասնակից, «Յանդեքս» ընկերությունների խմբի համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն Արկադի Վոլոժին:
Կառավարության հաղորդագրության համաձայն՝ վարչապետը նշել է, որ այս տարի հունիսին Սանկտ Պետերբուրգում արդյունավետ քննարկում է ունեցել «Յանդեքս»-ի ղեկավարության հետ համատեղ հնարավոր ծրագրերի շուրջ:
«Մենք շահագրգռված ենք, որպեսզի «Յանդեքս»-ը հաջող գործունեություն ծավալի մեր երկրում եւ նոր ներդրումներ կատարի, մասնավորապես, արհեստական բանականության ոլորտում, որի մասին քննարկում ունեցանք Սանկտ Պետերբուրգում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Արկադի Վոլոժն էլ նշել է, որ «Յանդեքս»-ն արդյունավետ է գնահատում Հայաստանում, մասնավորապես, տաքսի ծառայությունների ոլորտում կատարված ներդրումները եւ հետաքրքրված է ինչպես այս, այնպես էլ փոխշահավետ այլ ոլորտներում նոր ծրագրերի իրականացմամբ:
Նա, մասնավորապես, ներկայացրել է «Յանդեքս»-ի կողմից մի շարք երկրներում նորարարական տեխնոլոգիաների կիրառմամբ առանց վարորդ տաքսի ծառայության ներդրման փորձը եւ վիճակագրությունը՝ այն համարելով հաջողված:
Վարչապետն առաջարկել է աշխատանքային խմբի ձեւաչափով առավել առարկայական քննարկումներ սկսել: