10:30 | 07.10.19 | Նորություններ | 2620

Արմաթ կրթական ծրագիրը կարտահանվի Հնդկաստան

Հոկտեմբերի 6-ին մեկնարկած հոբելյանական Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի շրջանակում Արմաթ ինժեներական լաբորատորիաների տաղավարում ստորագրվել է Արմաթ կրթական ծրագիրը Հնդկաստանի Հանրապետություն արտահանելու մասին պայմանագիր։

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը եւ BattleLab India Pvt LTD ընկերությունը ներկայացնող բժիշկ, գործարար եւ սոցիալական ակտիվիստ Վիջայ Շահը, ստորագրելով փաստաթուղթը, ընդգծել են կրթական ոլորտում միջազգային նման համագործակցության կարեւորությունը։

«Արմաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնման ծրագիրը նախաձեռնել եւ իրականացնում է ԱՏՁՄ-ն։ Այժմ Հայաստանի, Արցախի եւ Վրաստանի տարածքում գործում են 250-ից ավելի «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ, որտեղ ավելի քան 6500 երեխա ստանում է անվճար ինժեներական կրթություն։

Դիջիթեք Էքսպո 2019 ցուցահանդեսի բացմանը ներկա էին 2019թ. Ֆորբս ամսագրի «Աշխարհի լավագույն ընկերություններ» ցուցակում երրորդ հորիզոնականը զբաղեցնող աշխարհահռչակ Infosys ընկերության համահիմնադիր Նարայանա Մուրթին եւ ԱՄԷ Mubadala ներդրումային ընկերության ղեկավար կազմը։