13:00 | 03.10.19 | Նորություններ | 2136

ARPA ինստիտուտը ցանկանում է Հայաստանում նանոտեխնոլոգիական կենտրոն ստեղծել

Հոկտեմբերի 2-ին Երեւանում կայացել է ARPA (Analysis Research and Planning for Armenia) ինստիտուտի կողմից իրականացվող նորարարության ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում երիտասարդ գիտնականներին հանձնվել են սերտիֆիկատներ, իսկ հաղթողներին շնորհվել են վկայագրեր:

Ինստիտուտի նախագահ Հակոբ Փանոսյանը խոսել է մի շարք նորարարական գաղափարների մասին, որոնք ARPA-ն ցանկանում է կյանքի կոչել Հայաստանում։ Նա հատկապես ընդգծել է նանոտեխնոլոգիական կենտրոն ստեղծելու, սահմանամերձ գյուղերում փոքր բիզնեսի զարգացմանն ուղղված գործունեության, գիտական հանդեսների հրատարակման նպատակների մասին։

Հակոբ Փանոսյանը նաեւ տեղեկացրել է, որ ֆիզիկայի հետազոտությունների կենտրոնին ARPA-ն նվիրել է բարձրակարգ սարքավորումներ։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը նշել է, որ հրաշալի է, երբ կան գիտությամբ հետաքրքրվող եւ գիտությանն ու տեխնոլոգիական զարգացմանն աջակցող կազմակերպություններ ոչ միայն Հայաստանում, այլեւ Սփյուռքում։ Նրա խոսքով, ամենակարեւորը, որ կարելի է ակնկալել Սփյուռքից, գիտելիքի աջակցությունն է:

«ARPA» ինստիտուտը շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է Լոս Անջելեսում 1992թ.՝ մի խումբ ամերիկահայ գիտնականների կողմից: Կազմակերպության գլխավոր նպատակն է Հայաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ կրթական, տնտեսական, քաղաքական, առողջապահական եւ տեխնոլոգիական ոլորտներում համագործակցության խթանումը: