10:51 | 03.10.19 | Նորություններ | 2307

FAST-ը, SmartGateVC-ն եւ BANA-ն համատեղ ներդրում են կատարել հայկական ստարտափում

Հոկտեմբերի 2-ին Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) կողմից ստեղծված Գիտության եւ տեխնոլոգիաների հրեշտակների ցանցը (Science and Technology Angel Network STAN), SmartGateVC վենչուրային ֆոնդը, եւ Հայաստանի բիզնես հրեշտակների ցանցը (Business Angel Network of Armenia BANA) համատեղ ներդրում են կատարել ForgeFiction ընկերությունում:

ForgeFiction-ը նորարարական հարթակ է, որի նպատակն է հնարավորություն տալ տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց համացանցային տիրույթում համատեղ գեղարվեստական բովանդակություն ստեղծել եւ հաջողության դեպքում եկամուտներ ապահովել:

«ForgeFiction-ը հարթակ է, որտեղ գեղարվեստական գրքերը եւ պատմությունները գրվում են ոչ թե անհատների, այլ խմբերի կողմից: Խմբային ստեղծագործելը հնարավորություն է ընձեռում գեղարվեստական գրականության երկրպագուներին համատեղել իրենց գաղափարները եւ ստեղծել նոր օրիգինալ գրքեր եւ պատմություններ»,- նշել է ForgeFiction-ի համահիմնադիր Արեգ Վարդանյանը:

Հարթակի կիրառումը թույլ է տալիս այդ համայնքի յուրաքանչյուր անդամի իր ներդրումն ունենալ գրքի ստեղծման գործում եւ բեսթսելլերի համահեղինակ դառնալ: Միեւնույն ժամանակ հեղինակները կարող են նաեւ գումար վաստակել` կախված գրքում կատարած իրենց ներդրման չափաբաժնից: Ավարտված պատմությունները վաճառվում են որպես գրքեր: ForgeFiction-ում ստեղծված պատմությունները հետագայում կարող են օգտագործվել նաեւ կինոարտադրության եւ համակարգչային խաղերի սցենարների համար:



«Բովանդակությունը, որը ստեղծվում է ForgeFiction հարթակում իդեալական է հետագայում որպես կինոսցենարներ օգտագործելու համար։ Եվ սա մեծ բիզնես հնարավորություն է»,- ընդգծել է SmartGateVC-ի գործընկեր Վազգեն Հակոբջանյանը:

«Կենսունակ էկոհամակարգ ունենալու համար անհրաժեշտ են ֆինանսական, ինտելեկտուալ եւ ցանցային կապիտալ, որի համար էլ FAST-ն ստեղծել է STAN-ը՝ որպես գիտության եւ տեխնոլոգիաների էկոհամակարգում վերոնշյալ ռեսուրսներն ապահովող ցանց: Չափազանց ուրախ ենք սատարել ForgeFiction-ի թիմին եւ հետագայում եւս ցանկանում ենք նպաստել նրանց աճին եւ զարգացմանը: 25 հրեշտակներից բաղկացած STAN ներդրողների թիմից 7-ը ներդրում են կատարել ForgeFiction ընկերության մեջ: Ցանցը իր հետ բերում է արհեստական բանականության, բիզնեսի, մարկետինգի եւ կառավարման տասնամյակների փորձը՝ որպես խելացի ներդրումների կարեւոր բաղադրիչ»,- նշել է Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) նորարարությունների գծով փոխտնօրեն Դեյվիդ Բեքեթը:

Ներդրող կողմերից BANA-ի տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը նշել է, որ այս հարթակում ստեղծվող բովանդակությունը մոտ ապագայում կտեսնենք Հոլիվուդյան էկրաններին եւ գրախանութներում. «Տեսնելով ForgeFiction-ի մեծ պոտենցիալը, թիմին ներկայացրինք մեր ներդրողներին, ովքեր կաջակցեն ոչ միայն գումարով, այլեւ իրենց մեծ փորձով ու գիտելիքով»։

Ներկայում ForgeFiction-ն ունի շաբաթական շուրջ 150 ակտիվ օգտատեր, ավելի քան 1000 էջ եւ ընթացիկ 25 գիրք: Շուտով լույս կտեսնի ավելի քան 30 օգտատիրոջ կողմից ստեղծված ForgeFiction-ի ամենամեծ գիրքը, որը կոչվում է «Ճանապարհորդություններ Ֆալադոնով»։