17:36 | 02.10.19 | Նորություններ | 3325

Google-ը WCIT 2019-ի տոմսեր կնվիրի հայ ուսանողներին

WCIT 2019-ի հովանավոր Google ընկերությունը Երեւանում կայանալիք ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովի 15 տոմս է նվիրում Հայաստանի ուսանողներին։

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը՝ իր ղեկավարած ԱՏՁՄ-ի անունից նշելով, որ կրկնապատկում է այդ թիվը։

30 անվճար տոմսերը կտրամադրվեն առաջին դիմողներին։ Հոկտեմբերի 3-ին, Երեւանի ժամանակով 9։00-ին WCIT 2019-ի ֆեյսբուքյան էջում կհայտնվի հայտը, որն անհրաժեշտ է լրացնել՝ նշելով անուն, ազգանուն, այլ տվյալներ, կցել անձնագրի եւ ուսանողի կարգավիճակը հաստատող փաստաթղթի պատճենները։

«ԱՏՁՄ-ն կարեւորում է կրթությունն ու ՏՀՏ ոլորտի համար պրոֆեսիոնալ կադրերի պատրաստումը։ Ավելի վաղ WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեն մասնակցության 100 անվճար տոմս է շնորհել Հայաստանի համալսարանների լավագույն ուսանողներին, որոնց ներկայացրել են ՏՏ, ճարտարագիտություն եւ բնական գիտություններ դասավանդող համալսարանները»,- նշել է WCIT 2019-ի կազմակերպչական կոմիտեի եւ ԱՏՁՄ նախագահ Ալեքսանդր Եսայանը։

Դասախոսների, ուսանողների, ակադեմիական ոլորտի ներկայացուցիչների համար նույնպես մասնակցության հատուկ հնարավորություն է սահմանվել։