12:07 | 25.09.19 | Նորություններ | 5249

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից Ռիչարդ Քլարքը ելույթ կունենա WCIT 2019-ում

ԱՄՆ Ազգային անվտանգության նախկին աշխատակից, փորձագետ Ռիչարդ Քլարքը կմիանա Երեւանում հոկտեմբերի 6-9-ին անցկացվող WCIT 2019 ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հիմնական բանախոս:

Քլարքը ելույթ կունենա «Պաշտպանություն, տեղեկատվություն եւ կիբեռպատերազմ ապատեղեկատվության դարում» պանելային քննարկմանը, որը կուսումնասիրի, թե հետախուզական եւ ՏՏ ինչպիսի հնարավորություններ են անհրաժեշտ մարտավարական եւ ռազմավարական ապատեղեկատվության դարում՝ կիբերպատերազմներին դիմակայելու համար: Պանելային քննարկումը կհամակարգի «Defense & Aerospace Report»-ի խմբագիր Վագո Մուրադյանը:


Ռիչարդ Քլարքը կմասնակցի նաեւ «Սեւ կարապ» պանելային նիստին, որտեղ տեսակետներ կհնչեն նաեւ խափանումների եւ «սեւ կարապի» իրադարձությունների պատճառով առաջացած ողբերգական ձախողումների նկատմամբ կայուն, տեխնոլոգիական համակարգերի կառուցման շուրջ: «Marsh & McLennan» ընկերությունների գլխավոր խորհրդի գործադիր փոխտնօրեն Պիտեր Բեշարը կլինի նիստի հիմնական բանախոս եւ համակարգող:


Ռիչարդ Քլարքը միջազգային ճանաչում ունեցող ազգային անվտանգության փորձագետ եւ հեղինակ է, որին կոչում են Ամերիկայի «կիբեր ցար» եւ «հակաահաբեկչական ցար»։ Նա աշխատել է Սպիտակ տանը՝ ԱՄՆ երեք նախագահների օրոք: 2001թ. սեպտեմբերի 11-ին ազգային ճգնաժամային կառավարիչն էր, այսօր կորպորատիվ անվտանգության ռիսկերի եւ կիբերանվտանգության խորհրդական է: Նա 9 գրքի հեղինակ է, որից մեկը՝ բեսթսելեր՝«Against all enemies»։

Ռիչարդ Քլարքը զբաղեցրել է հետախուզության եւ հակաահաբեկչության գծով խորհրդականի պաշտոնը՝ Ռոնալդ Ռեյգանի, Քորջ Վ. Բուշի եւ Բիլլ Քլինթոնի վարչակազմերում: 1998 թվականից ծառայել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդում՝ որպես Անվտանգության, ենթակառուցվածքների պաշտպանության եւ հակաահաբեկչության հարցերով ազգային համակարգող:

Ներկայում Ռիչարդ Քլարքը նախագահում է Մերձավորարեւելյան ինստիտուտի կառավարման խորհուրդը: Նա նաեւ ABC News-ի քաղաքական եւ անվտանգության հարցերով խորհրդական է, դասավանդում է Հարվարդի համալսարանի՝ Ջոն Քենեդու կառավարման դպրոցում: