11:15 | 25.09.19 | Նորություններ | 1964

«Կասպերսկի». Բանկային տրոյական ծրագրերն ավելի քիչ են գրոհում Հայաստանի մոբայլ օգտատերերին

Մոբայլ տրոյական ծրագրերը 2019-ի երկրորդ եռամսյակում գրոհել են Հայաստանի օգտատերերի 0,1% սարքերը, եւ այդ ցուցանիշով երկիրը զբաղեցրել է 9-րդ տեղն աշխարհում։

Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

Վրաստանում այդ վնասաբեր ծրագրերին բախվել է օգտատերերի 0,08%, իսկ Ադրբեջանում՝ 0,07%-ը։

2019-ի առաջին եռամսյակում Հայաստանում մոբայլ սարքերի օգտատերերի 0,23%-ն է ենթարկվել է բանկային տրոյական ծրագրերի գրոհների (7-րդ տեղ)։ Այդ ժամանակահատվածում Վրաստանում նման գրոհների բախվել է մոբայլ սարքեր ունեցողների 0,12%-ը, իսկ Ադրբեջանում՝ 0,14%-ը։  

2019-ի երկրորդ եռամսյակում աշխարհում հայտնաբերվել է մոբայլ բանկային տրոյացիների տեղադրման 13 899 փաթեթ, ինչը կրկնակի քիչ է, քան 2019-ի առաջին եռամսյակում։

Փորձագետները նշում են, որ կիբեռհանցագործները մոբայլ սարքերը բանկային տրոյացիներով վարակում են օգտատերերի բանկային քարտերի եւ հավելվածների տվյալներին տիրանալու համար։ Արդեն տեղադրված վնասաբեր ծրագիրը ծածկում է բանկային հավելվածի ինտերֆեյսն (միջերես) իր ինտերֆեյսով, եւ տրոյացու ինտերֆեյսում մուտքագրված բանկային տվյալները փոխանցվում են կիբեռհանցագործներին։ Նրանք դեպի զոհի փողերը ճանապարհ են հարթում նաեւ այն մոբայլ բանկային տրոյացիների միջոցով, որոնք ձեռք են գցում բանկերի՝ հաստատման կոդերով SMS-հաղորդագրությունները։

«Օգտատերերը համացանցում պետք է զերծ մնան որեւէ մեկին անհատական եւ բանկային տվյալներ տրամադրելուց, հատկապես նրանց, ովքեր «խնդրում» են դա անել ի պատասխան «շահավետ» առաջարկների։ Հարկ է նաեւ խուսափել ոչ պաշտոնական աղբյուրներից ծրագրեր ներբեռնելուց, քանի որ բանկային տրոյացիները հաճախ թաքցվում են այլ ծրագրերի հետ նույն փաթեթում։ Իսկ ցանկացած տրոյացուց եւ այլ վնասաբեր ծրագրերից պաշտպանվելու համար անհրաժեշտ է տեղադրել հուսալի հակավիրուս, որը կկանխարգելի դրանց տեղադրումը եւ վնասաբեր կայքեր այցելությունը»,- նշել են «Կասպերսկի»-ում: