10:50 | 17.09.19 | Նորություններ | 2592

WCIT-ի հիմնը՝ արհեստական բանականությունով

Հոկտեմբերի 6-9-ը Երեւանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի բացման արարողության ընթացքում կներկայացվի արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտություն:

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 20:00, Հանրապետության հրապարակում կայանալիք տոնական համերգի համար Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի նախաձեռնությամբ ստեղծվել է WCIT համաշխարհային նվագախումբը՝ բաղկացած 14 երկրներ ներկայացնող 75 արտասահմանցի եւ 30 հայ երաժիշտներից:

Օտարերկրյա երաժիշտները ներկայացնում են այն երկրները, որտեղ անցյալում անցկացվել է WCIT-ը՝ Կանադա, Նիդեռլանդներ, Մալայզիա, ԱՄՆ, Հունաստան, Թայվան, Իսպանիա, Ճապոնիա, Ֆրանսիա, Դանիա, Մեքսիկա, Բրազիլիա, Ավստրալիա, Հնդկաստան:

Համերգի ընթացքում համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նվագախումբը դուրս կգա բեմ՝ ներկայացնելու հենց տեղում արհեստական բանականության կողմից ստեղծվող երաժշտությունը: Արհեստական բանականության աշխատանքի արդյունքը երաժիշտների պլանշետներին ուղարկվելու է իրական ժամանակում, այսինքն՝ երաժիշտները նախապես ծանոթ չեն լինելու ներկայացվող նյութին:

Արհեստական բանականությունը գեներացնելու է երաժշտություն հայկական շարականների հիման վրա։ Մասնակից երկրների հիմների հիման վրա ստեղծելու է նաեւ WCIT-ի օրհներգը:

Համերգը կղեկավարի ՀՀ վաստակավոր արտիստ, դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նվագախումբը ստեղծելու եւ իրական ժամանակում արհեստական բանականության ժամանակակից տեխնոլոգիաները եւ երաժշտությունը համատեղելու նորարար գաղափարի հեղինակն է:

Նվագախմբի հետ հանդես կգա նաեւ միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը:

WCIT-ն աշխարհի խոշորագույն ՏՏ իրադարձությունն է, որը միավորում է տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտների համաշխարհային հսկաների ղեկավարներին, առաջատար ընկերություններին, կրթական եւ գիտահետազոտական կենտրոններին, տարբեր երկրների կառավարությունների ներկայացուցիչներին եւ այլն: