11:18 | 10.09.19 | Նորություններ | 8392
Ակտիվիստ, ձեռնարկատեր, գեղեցկության մոգուլ եւ պրոդյուսեր Քիմ Քարդաշյան-Վեսթը հոկտեմբերի 6-9-ին Երեւանում կմասնակցի «WCIT 2019» ՏՏ 23-րդ համաշխարհային համաժողովին՝ որպես հատուկ հիմնական զեկուցող եւ պանելիստ։
Քիմ Քարդաշյանը հանդես կգա «Գաղափարների շուկա» լիագումար նիստում, որտեղ կքննարկվի, թե ապակենտրոնացված տեխնոլոգիաները որքանով են նպաստել ժամանցի, մեդիայի եւ լրագրության աշխարհների ժողովրդայնացմանը եւ թե որքանով են հեղափոխել արվեստի, տեղեկատվության տարածման մեր մեթոդները՝ նոր աստղեր պատրաստելու ճանապարհին:
«Գաղափարների շուկա» պանելային քննարկումները կպարզեն, թե ինչ են նշանակում այս զարգացումները անձնական կյանքի գաղտնիության, սոցիալական հարաբերությունների, ինստիտուտների նկատմամբ վստահության եւ նոր բիզնես մոդելների համար:
«Գաղափարների շուկա» պանելի ընթացքում անհատական ելույթից հետո Քիմ Քարդաշյան-Վեսթը դեմ առ դեմ հարցազրույց կունենա, այնուհետեւ բեմին կմիանա պանելիստների ականավոր գործիչների խմբին, որոնց շարքում կլինի համաշխարհային ճանաչում ունեցող հայկական «PicsArt» ընկերության համահիմնադիր եւ գործադիր տնօրեն Հովհաննես Ավոյանը՝ շարունակելու հետագա քննարկումները։
«WCIT 2019»-ի կազմակերպչական կոմիտեի նախագահ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ, «Յուքոմ» ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը Քիմ Քարդաշյան-Վեսթի այցի վերաբերյալ հայտնել է․ «Մենք՝ WCIT 2019-ի կազմակերպիչներս, օրակարգը կազմելիս որոշեցինք համարձակ, ոչ սովորական մոտեցում ցուցաբերել։ Մենք երբեմն լրջորեն ենք ընդունում նույնիսկ հակասական գաղափարներ այն բոլոր մարդկանցից, ովքեր էական ասելիք ունեն ՏՏ արդյունաբերության եւ ոչ միայն դրա մասին:
Ավելի քան 240 միլիոն հետեւորդներով՝ Քիմ Քարդաշյան-Վեսթը սոցցանցերում ամենամեծ լսարանն ունեցող մարդկանցից է։ Նա մեր ժամանակաշրջանի ամենաազդեցիկ ձայներից մեկն է աշխարհում: Մենք համոզված ենք, որ Քիմ Քարդաշյան-Վեսթը, որպես արտասովոր հաջողակ գործարար, որպես այս ոլորտի առաջամարտիկ, որպես կին եւ մայր, կարեւոր ու հետաքրքիր ասելիք կունենա սոցիալական մեդիայում ձեռներեցության աշխարհի մասին, որի ստեղծմանը եւ ձեւավորմանը նպաստել է արդեն երկու տասնամյակ: Մեր կարծիքով, առանց նրա մասնակցության հնարավոր չէ լուրջ զրույց ծավալել այս թեմայի շուրջ։
Մենք ակնկալում ենք Քիմ Քարդաշյան-Վեսթին ողջունել իր նախնիների երկրում եւ «WCIT 2019»-ի գաղափարների մեծ բեմում»:
Քիմ Քարդաշյան-Վեսթն իր հարթակն ակտիվորեն օգտագործում էր քրեական արդարադատության բարեփոխումների համար պայքարում, իսկ մայիսին հայտարարեց, որ սկսել է իրավաբանություն ուսանել Կալիֆորնիայում։ Այս սեպտեմբերին նա կներկայացնի իր սպասված «SKIMS» հագուստի նորաձեւության հավաքածուն, ի լրումն «KKW BEAUTY» եւ «KKW Fregrance» հավաքածուների, որոնք թողարկվել են 2017թ.։
«WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովը Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) ամենանշանավոր միջոցառումն է։ Դաշինքն 83 երկրների տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների (ՏՀՏ) միություններից բաղկացած ընկերակցություն է, որը ներկայացնում է ոլորտի 90 տոկոսը։
Այս տարի համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք եւ վտանգ»։ Համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի եւ բարեկեցության, ապահովության եւ անվտանգության, ժողովրդավարության եւ մարդասիրության վրա։
Երեւանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2000 մասնակից՝ 70 երկրից։ WCIT 2019-ի բանախոսների եւ օրակարգի մասին լրացուցիչ տեղեկությունները հասանելի ենայստեղ: