11:48 | 05.09.19 | Նորություններ | 8011

Հայաստանում է Thales Group տեխնոլոգիական ընկերության պատվիրակությունը

«Thales Group» ֆրանսիական ընկերության պատվիրակությունը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով ժամանել է Հայաստան:

Պատվիրակության կազմում են ընկերության ռազմավարության եւ համագործակցության հարցերով փոխնախագահ Ֆիլիպ Վալերին, վաճառքի եւ մարկետինգի հարցերով փոխնախագահ Ժերոմ Սիոնը, բիզնեսի զարգացման հարցերով տնօրեն Ալեքսանդր Գոդլեւսկին եւ փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Պոլ Ռեմին:

Ֆրանսիական եւ եվրոպական տեխնոլոգիական առաջատար այս ընկերության հետ համագործակցության հիմքերը դրվել էին դեռ 2018թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ֆրանսիա կատարած այցի շրջանակում հանդիպումներ էր ունեցել «Thales Group» -ի ղեկավարության հետ, իսկ 2018թ. նոյեմբերին այցելել էր ընկերության թվային արտադրամաս ու ծանոթացել գործունեությանը եւ ընթացիկ ծրագրերին, քննարկել հայաստանյան ընկերությունների հետ հնարավոր համագործակցության ուղղություններին վերաբերող հարցեր։

Արմեն Սարգսյանի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում ընկերության բարձրաստիճան պատվիրակությունն այս տարվա հունիսին Դիլիջանում մասնակցեց «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին:

2019թ. հունիսին Արմեն Սարգսյանը Լը Բուրժեում անցկացվող Փարիզի միջազգային ավիացիոն ցուցահանդեսի շրջանակում այցելել էր «Thales Group»-ի տաղավար եւ հանդիպել ընկերության նախագահ Պատրիս Քեյնի հետ: Հենց այստեղ էլ պայմանավորվածություն էր ձեռք բերվել «Thales Group»-ի ներկայացուցիչների այցը Հայաստան կազմակերպելու, ինչպես նաեւ փոխգործակցության կոնկրետ ուղղությունների վերաբերյալ արդեն իսկ պատրաստված համապատասխան փաստաթուղթն ուսումնասիրելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու վերաբերյալ: Մասնավորապես հեռանկարային են համարվում արհեստական բանականության, թվային տվյալների կառավարման եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցությունն ու համատեղ ծրագրերի իրականացումը:

Հայաստան այցի շրջանակում «Thales Group»-ի պատվիրակությունը հանդիպումներ կունենա բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հետ, կայցելի առաջատար տեխնոլոգիական ընկերություններ, մասնավորապես՝ «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, BetConstruct ընկերություն, ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, կհանդիպի հայկական ստարտափների ներկայացուցիչների հետ, կուսումնասիրի բարձր տեխնոլոգիաների ոլորտում հայաստանյան փորձն ու արձանագրած հաջողությունները:

«Thales Group» ընկերությունը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում եւ զբաղվում էլեկտրական համակարգերի նախագծմամբ ու կառուցմամբ, ծառայություններ ապահովում ավիացիոն-տիեզերական, պաշտպանական, տրանսպորտային եւ անվտանգության շուկաներում: