11:04 | 05.09.19 | Նորություններ | 10538

Beeline ստարտափ ինկուբատորում ավարտվեց 4-րդ շրջափուլը

Beeline ստարտափ ինկուբատորի 4-րդ շրջափուլն արդեն ավարտվել է։ 5 ստարտափ թիմեր սեպտեմբերի 4-ին ներկայացրին իրենց նորարարական գաղափարները եւ բիզնես նախագծերը հրավիրված ներդրողներին, ստարտափ էկոհամակարգի ներկայացուցիչներին եւ այլ հյուրերին։

Միջոցառման սկզբում ներկաներին ողջունեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Ուրախ եմ ողջունել ձեզ մեր եզրափակիչ հանդիպմանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ստարտափ թիմերին մասնակցության համար: Արդեն մի քանի տարի է, ինչ Beeline-ը նպաստում է ստարտափ էկոհամակարգի զարգացմանը: Մենք երջանիկ ենք, որ հնարավորություն ունեցանք աշխատել Հայաստանի խելացի եւ տաղանդավոր երիտասարդների հետ: 3 ամիս քրտնաջան աշխատելու ընթացքում մասնակիցներն ու կազմակերպիչները փորձի փոխանակմամբ ավելի կատարելագործվեցին: Հուսով ենք, որ Beeline ստարտափ ինկուբատորը օգնեց նորաստեղծ ձեռնարկություններին ստանալ անհրաժեշտ գիտելիքներ, որպեսզի լավ գաղափարները վերածեն լավ բիզնես նախագծերի»։

Նախքան ստարտափների ելույթները, Հայաստանի Բիզնես հրեշտակների ցանցի (BANA) տնօրեն Գրիգոր Հովհաննիսյանը ներկայացրեց 14 շաբաթվա ընթացքում թիմերի հետ կատարված աշխատանքը, նշեց ստարտափների ունեցած հաջողությունները եւ նրանց պոտենցիալը միջազգային շուկայում։

«4-րդ շրջափուլի ընթացքում մեր թիմն անհատական աշխատանքներ է տարել եւ բազմաբնույթ դասընթացներ կազմակերպել 5 ռեզիդենտ ստարտափների հետ։ Շրջափուլի ավարտին թիմերն ունեն ակնհայտ առաջխաղացումներ եւ զգալի աճ։ BANA-ի ներդրողներն արդեն իսկ հետաքրքրված են ստարտափների լուծումներով, եւ այս պահին ընթանում են բանակցություններ ներդրումներ իրականացնելու նպատակով»,- հայտնեց Գրիգոր Հովհաննիսյանը։

4-րդ շրջափուլն ավարտած 5 ռեզիդենտ թիմերն են` Mealo, StackDev, ARD Music, WedZig, RendChain:

Beeline ստարտափ ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։