14:25 | 12.08.19 | Նորություններ | 13864

Beeline ստարտափ ինկուբատորի աջակցությամբ մեկնարկել է «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ» մրցույթը

GlobalAM-ի եւ Beeline ստարտափ ինկուբատորի համագործակցության շրջանակում Երեւանում մեկնարկեցին «CLIMATELAUNCHPAD ՀԱՅԱՍՏԱՆ 2019»-ի ինտենսիվ բիզնես ճամբարը եւ արագացված խորհրդատվական դասընթացները։

«ClimateLaunchpad Հայաստան 2019»-ը ստարտափ բիզնես գաղափարների մրցույթ է: Ծրագրի առաքելությունն է մաքուր տեխնոլոգիաների ոլորտի գաղափարները վերածել հաջող բիզնես նախագծերի՝ խթանելով տնտեսական աճը եւ նորարարության ներուժը:

Մրցույթը մեկնարկելու է 2-օրյա բիզնես ճամբարով, որը վարելու է Նիդերլանդներից ժամանած մասնագետ Ռոն Բլումերսը: Բիզնես ճամբարին մասնակցելու են պրոֆեսիոնալ ժյուրիի կողմից ընտրված լավագույն 15 թիմերը, ովքեր իրենց բիզնես գաղափարները վերածելու են կենսունակ բիզնես նախագծերի եւ սովորելու են բիզնես վարելու հմտությունները:

Ճամբարից հետո թիմերը կմասնակցեն 6 շաբաթյա արագացված խորհրդատվական դասընթացներին ազգային եզրափակիչ փուլին պատրաստվելու համար: Ընտրված 3 լավագույն թիմերն արդեն Ամստերդամում նոյեմբերի 14-15-ը կմասնակցեն եվրոպական եզրափակիչ հանդիպմանը: Եզրափակիչ փուլի լավագույն 3 ստարտափ գաղափարները կստանան համապատասխանաբար 10 000 եվրոյի, 5 000 եվրոյի եւ 2 500 եվրոյի չափով մրցանակներ, իսկ լավագույն 10 ստարտափները հնարավորություն կունենան մասնակցելու Climate-KIC-ի 18-ամսյա աքսելերացիոն ծրագրին:

«Beeline-ը հնարավորինս ձգտում է աջակցել Հայաստանում ստարտափ էկոհամակարգի զարգացմանը, եւ շատ լավ է, որ մեզ մոտ նմանատիպ միջոցառումներ են անցկացվում՝ արտասահմանյան գործընկերների ներգրավմամբ: Վստահ եմ, սա մեր հայկական ստարտափների համար զարգացման մի նոր խթան կդառնա»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline Ստարտափ Ինկուբատորն աջակցում է հայկական ստարտափներին տեղական եւ միջազգային շուկայում իրենց ճիշտ դիրքը գրավելու հարցում, տրամադրում անվճար աշխատանքային տարածք, իրականացնում անհատական հանդիպումներ հավանական ներդրողների հետ, եւ կազմակերպում տարաբնույթ դասընթացներ եւ վարպետության դասեր՝ մենեջմենթի, ֆինանսավորման, PR-ի, թվային մարքեթինգի, մարդկային ռեսուրսների կառավարման եւ այլ թեմաներով։