09:52 | 09.08.19 | Նորություններ | 4250

«Գալաքսի»-ն եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կաջակցեն ինովացիոն նախագծերին

«Գալաքսի» ընկերությունների խումբը եւ «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը կմիավորեն իրենց ջանքերը ինովացիոն նախագծերի իրականացման ու ստարտափների աջակցման ուղղությամբ։

«Սեւան Ստարտափ Սամմիթ» 2019-ին «Գալաքսի» ընկերությունների խումբը հանդես եկավ գործընկերոջ ձեւաչափով, ինչն ամրապնդվեց կողմերի միջեւ համագործակցության հուշագրով։ Համագործակցությունը սահմանեց կողմերի հանձնառությունը՝ ներդնելու շարունակական ջանքեր ստարտափ համայնքի աջակցությամբ Հայաստանում ինովացիոն էկոհամակարգի ստեղծման ուղղությամբ։ Համագործակցության հենքը «Գալաքսի» ընկերությունների կողմից տարեսկզբին հայտարարած Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի նախագիծն է։

«Ինովացիոն էկոհամակարգ կառուցելու համար նախ այն պետք է նախագծել էկոհամակարգի ուղիղ շահառուների հետ ու նրանց մասնակցությամբ։ Ստարտափ համայնքը մեր նախագծի կարեւորագույն կլաստերներից է, եւ «Սեւան Ստարտափ Սամմիթը» այն կարեւորագույն հավաքատեղին է, որտեղ փայլուն գաղափարներ ու նախագծեր են շրջանառվում։ Մեկտեղելով մեր ջանքերը՝ մենք կարող ենք նպաստել ոչ միայն բացառիկ միջավայրի կառուցմանը, այլ ինքնին գործընթացն իրականացնել ինովացիոն ճանապարհով», - նշել է «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության կառավարման խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը։

«Գալաքսի» ընկերությունների եւ գործընկերների հետ համատեղ իրականացվող Ինովացիայի եւ տեխնոլոգիաների պարկի նախագիծը տարածաշրջանում առաջին բազմաոլորտ «էկոհամակարգի» կառուցման մասին է, որտեղ ՏՏ-ն հանդիպելով տնտեսության առանցքային ուղղություններին, կսահմանի հաջորդ սերնդի սպառման ապրանքների եւ ծառայությունների ինովացիան՝ դառնալով Հայաստանի ու հայկական նորարարական մտքի այցեքարտը աշխարհում։

«Մեր առաքելությունը Հայաստանի ստարտափ էկոհամակարգի զարգացումն է, եւ մենք հավատացած ենք, որ «Ինովացիոն պարկի» ստեղծման նախաձեռնությունն այն կարեւոր նախագծերից է, որին մենք պետք է մասնակցություն ունենանք։ Այս նախագիծը իսկապես համահունչ է մեր առաքելությանը, եւ մենք ուրախ ենք աջակցել դրա իրականացմանը», - ասել է «Ստարտափ Արմենիա» հիմնադրամի եւ «Սեւան Ստարտափ Սամմիթի» հիմնադիր Հակոբ Հակոբյանը։

2019-ի «Սեւան Ստարտափ Սամմիթին» ինովացիոն էկոհամակարգերի քննարկմանը «Գալաքի» ընկերությունների խումբը ներկայացրեց ընկերության գլխավոր փոխտնօրեն, բիզնեսի զարգացման ղեկավար Հայկ Լորիկյանը։

«Մենք հավատում ենք, որ Հայաստանի հաջողության գործոնը փոխգործակցության մեջ է։ Մենք բազմաթիվ օրինակներ ունենք Հայաստանում հետաքրքիր ու նորարական նախագծերի։ Մենք «Գալաքսիում» աշխարհի առաջատար ընկերությունների հետ համագործակցության  հրաշալի օրինակներ ունենք։ Կարեւոր է համատեղ ջանքերն ուղղել համագործակցային էկոհամակարգ կառուցելուն, որտեղ առանձին ներկայացուցիչներ կշարունակեն իրենց գործը, բայց ընդհանուրի ստեղծած հավելյալ արժեքը շատ ավելի մեծ կլինի»,- համագործակցության հուշագրի ստորագրման արարողությանը նշել է Հայկ Լորիկյանը։