16:46 | 26.07.19 | Նորություններ | 13196
Հայաստանում Beeline-ի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համագործակցության շրջանակում այսօր ավարտվել է եւս մի աշխատարան՝ Մեսրոպ Կյուրկչյանի ղեկավարմամբ:
Կյուրկչյանը ավագ ծրագրավորող է Hulu ընկերությունում, որը խոշոր առցանց հեռուստապլատֆորմ է եւ պատկանում է The Walt Disney Company-ին:
Թումոյի պատանիները Կյուկչյանի ուղղորդմամբ ստեղծում են առցանց ծրագրային հարթակի նախատիպ, որը կօգնի տարբեր կենտրոններում սովորող Թումո ուսանողներին ծանոթանալ, կիսվել իրենց գիտելիքներով կամ նորություններով: Ծրագիրը կոչվում է «Թումո Ընկեր», եւ ստեղծվում է այնպիսի ժամանակակից ծրագրավորման լեզուներով ու գրադարաններով, ինչպիսիք են ReactJS-ը, WebRTC-ը եւ MongoDB-ը։ Այս տեսակի աշխատարանները պատանիներին հնարավորություն են տալիս ոչ միայն շփվել ՏՏ ոլորտի համաշխարհային հսկաների ներկայացուցիչների հետ, այլեւ իրականացնել գործնական նախագծեր ներկայիս ծրագրավորման ոլորտի ամենաարդիական գործիքներով:
«Beeline-ի հետ համագործակցությունը հրաշալի օրինակ է նրա, թե ինչպես կարող են կրթական հաստատությունները գտնել ընդհանուր հետաքրքրություններ հաջողակ բիզնեսի հետ: Սա տալիս է նոր հնարավորություն ու հորիզոններ երկու կողմերին էլ, եւ մենք մեծ հույս ունենք, որ այս օրինակը դեռ շատ կրկնություններ կունենա»,- նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Բազմաթիվ նախագծեր իրականացնելով կրթության ոլորտում՝ մենք շատ լավ հասկանում ենք, որ անչափ կարեւոր է երիտասարդներին ցույց տալ այն մարդկանց օրինակները, ովքեր իրենց գիտելիքների ու վարպետության շնորհիվ մեծ բաների են հասել կյանքում: Այս առումով հրաշալի է, որ մեր մասնակիցները լավ եւ օգտակար տեխնոլոգիական գիտելիքներ ու հմտություններ են ստանում միջազգային առաջատար փորձագետներից, այդ թվում ազգությամբ հայ»,- նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
2019-ի ապրիլին Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակում 2019-ի ընթացքում Թումո այցելում են տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ: