11:03 | 26.07.19 | Նորություններ | 2814
Վիդեո անիմացիաների եւ լոգոների ստեղծման Renderforest հարթակը ներկայացրել է բազմաֆունկցիոնալ վեբ կայքերի պատրաստման նոր գործիք՝ ներկայանալով որպես «երեքը մեկում» բրենդավորման հարթակ։
Կայքերի նախագծման գործիքը Renderforest-ի հիմնադիր Նարեկ Սաֆարյանը ներկայացրել է ընկերության նոր գրասենյակի բացմանը` հուլիսի 25-ին։
Գործիքը նախատեսված է ինչպես մասնագետների, այնպես էլ խմբագրման եւ դիզայներական խորը գիտելիքներ չունեցող օգտատերերի համար։
Հնարավորինս պարզեցնելով կայքերի պատրաստման գործընթացը՝ ընկերության նպատակն է ապահովել օգտատերերին բրենդավորման անհրաժեշտ գործիքներով։
Ընտրելով համապատասխան բաժինը՝ օգտատերերը կարող են գտնել մասնագետների կողմից մշակված վեբ կայքերի օրինակներ, խմբագրել դրանք կամ օգտագործել պատրաստի դիզայնը եւ բովանդակությունը։
Առաջիկայում Renderforest-ի թիմը նոր գրասենյակի շենքում պլանավորում է նաեւ փորձի փոխանակման եւ ճանաչողական սեմինարներ կազմակերպել։
Հայաստանում հիմնադրված Renderforest ընկերությունն առաջարկում է տեսանյութերի, լոգոների եւ անիմացիոն հոլովակների պատրաստման առցանց գործիքներ։ Հայտնի G2crowd հարթակը հայաստանյան ընկերությանն ընդգրկել է 2019թ.ծրագրավորման 100 լավագույն գլոբալ ընկերությունների շարքում (Best Software Companies 2019 Awards):