16:01 | 12.07.19 | Նորություններ | 10318
Հայաստանում Beeline-ի եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հետ համագործակցության շրջանակում Թումո Երեւանում տեղի է ունեցել երեք աշխատարանների արդյունքների ցուցադրությունը:
Հուլիսի 1-ին կենտրոնում մեկնարկած վիրտուալ իրականության, եռաչափ մոդելավորման եւ տպագրության երեք գործնական նախագծերը Թումոյի ուսանողների հետ վարել են ոլորտի առաջատար մասնագետներ Կանադայից, Ամերիկայից եւ Ֆինլանդիայից: Միջոցառմանը ներկա էին Հայաստանում Beeline-ի տնօրեն Անդրեյ Պյատախինը եւ Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
Խորվաթ ճարտարագետ Լուկա Պիսկորեցն ու իր ուսանողները ներկայացրել են գեներատիվ մոդել, որը պատանիները ստեղծում են Python ծրագրավորման լեզվի ալգորիթմների, 3D մոդելավորման Rhino ծրագրի եւ ԱՅԲ դպրոցի կողմից տրամադրված CNC մեքենայի շնորհիվ։ Աալտո համալսարանի գիտությունների թեկնածու ու ճարտարապետ Աշիշ Մոհիտեի աշխատարանում թումոցիները ծրագրավորել են 3D տպիչ Arduino ծրագրում եւ հավաքել են այն անհրաժեշտ դետալներից: Իսկ Սքոթ Նազարյանը, Հայգ Արմենն ու ուսանողները ներկայացրել են ընթրիքի համար վիրտուալ իրականությունում ստեղծված միջավայրը:
«Հուլիս ամիսը Թումոյում լիովին նվիրված է աշխատարաններին: Պատանիները աշխատում են պրակտիկ նախագծերի վրա առաջատար մասնագետների հետ ամբողջ աշխարհից: Այս երեք նորարարական նախագիծը մենք իրականացրինք Հայաստանում Beeline-ի հետ համագործակցությամբ, եւ մենք շնորհակալ ենք Beeline-ին մեր աշխատանքին հավատալու համար»,- ընդգծել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:
«Բոլոր ժամանակներում մարդկության մեջ հաղթող է եղել նա, ով տիրապետել է տեխնոլոգիաներին: Այսօր մեր խնդիրն ու նպատակն է մեր երեխաներին տրամադրել ամեն հնարավոր գիտելիքներն ու հնարավորությունները, որպեսզի ժամանակակից եւ արդյունավետ տեխնոլոգիաները ծառայեն իրենց հաջողությանը: Վստահ եմ, որ այս ծրագրի ընթացքում ստացված գիտելիքները նրանց փայլուն ապագայի հիմքը կդառնան»,- նշել է Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
2019 թվականի ապրիլին Հայաստանում Beeline-ը եւ Թումոն հայտարարեցին համագործակցության մեկնարկի մասին, որի շրջանակներում 2019-ի ընթացքում Թումո կայցելեն տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ՝ Թումոյի ուսանողների հետ իրականացնելու աշխատարաններ՝ գործնական նախագծեր մի շարք ոլորտներում, ինչպիսիք են մեքենայական ուսուցումը, վեբ ծրագրավորումը, 3D մոդելավորումը եւ այլն: Ընդհանուր առմամբ նախագծերին կմասնակցեն 100-ից ավելի ուսանողներ: